12/06/2012 18:04
Վարդան Օսկանյանը պատասխանել է ԱԱԾ հայտարարությանը
Վարդան Օսկանյանն ի պատասխան ԱԱԾ հաղորդագրության՝ հայտարարություն է տարածել, որում ասված է.
«Այսօր Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել, որով փորձ է արվում ցույց տալ, որ հարուցված քրեական գործը քաղաքական պատվեր չէ:
Կրկնում եմ՝ դա միանշանակ քաղաքական պատվեր է և ուզում եմ ասել հետևյալը՝ «փողերի լվացում – Օսկանյան -Հանթսման» բառերը մեկ նախադասության մեջ չեն կարող լինել:
Փող լվանալու համար նախ փողը պետք է կեղտոտ լինի: Այս պարագայում փողի աղբյուրները հայտնի են, գնորդն է հայտնի, փողի փոխանցումը ինձ և Սիվիլիթասին նվիրատուի ցանկությամբ եղել է թափանցիկ և բանկի միջոցով: Այդ գործարքում, ըստ իրավաբանների, որևէ հարկային պարտավորություն չի առաջացել: Իսկ, ըստ պայմանագրի, “Ստացողին փոխանցվելիք գումարները դիտարկվում են որպես նվեր, որը Ստացողն իրավունք ունի օգտագործել իր հայեցողությամբ և իր կանոնադրական նպատակների իրականացման համար”:
Միայն քաղաքական նպատակ հետապնդողը կարող է բարի մարդու բարի գործը վերածել քաղաքական մանրադրամի»: