23/06/2012 13:14
Գ. Պողոսյան. ԱԺ հավատարմագրման կարգում փոփոխություն չի լինի
Սեպտեմբեր ամսին մեկնարկող ԱԺ նստաշրջանը լուսաբանող լրագրողների հավատարմագրման կարգում որևէ փոփոխություն չի սպասվում, այդ մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը,- Aysor.am-ի թղթակցին վստահեցրեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանը:
Նշենք, որ այսօր մամուլը հրապարակել էր տեղեկատվություն, համաձայն որի, ԱԺ սեպտեմբերի նստաշրջանին խստացվելու է լրագրողների հավատարմագրման կարգը:
«5-րդ գումարման խորհրդարանի պատգամավորների մեծ մասն արդեն հասցրել է դժգոհել վերևներում, թե լրագրողներն այնքան շատ են, որ ԱԺ-ում հանգիստ շնչել չի լինում: Պատգամավորները հատկապես դժգոհ են, որ խորհրդարանում կարող է հավատարմագրվել ցանկացած լրատվամիջոցի ցանկացած լրագրող` անկախ նրանից` այդ կայքը կամ թերթը քանի ընթերցող, ինչ մակարդակ ունի:
Թերթի աղբյուրները պնդում են, որ ղեկավարությունը կիսում է այս մտահոգությունը: Եվ արդեն սեպտեմբերին հավատարմագրելիս հաշվի են առնվելու բոլոր անհրաժեշտ պայմանները»,-գրում է թերթը:
Գ. Պողոսյանը նշեց նաև, որ իրենք նման բողոք չեն ստացել: