27/06/2012 11:23
Բրյուսելում կանցկացվի ԵԺԿ գագաթաժողով
Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ ազգային կուսակցությունների ղեկավարները, որոնց թվում են ինչպես բազմաթիվ երկրների ղեկավարներ, այնպես էլ ընդդիմությունների առաջնորդներ, հունիսի 28-29-ին նախատեսված Եվրոպական խորհրդի գագաթաժողովից առաջ Բրյուսելում կմասնակցեն ԵԺԿ գագաթաժողովին: ԵԺԿ գագաթաժողովին մասնակցելու նպատակով այսօր Բրյուսել է մեկնելու նաև Հայաստանի Հանրապետության նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:
ԵԺԿ մամլո ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, ԵԺԿ գագաթաժողովին մասնակցելու են Եվրոպական Խորհրդի և Եվրոպական Հանձնաժողովի նախագահներ Հերման վան Ռոմպոյն ու Ժոզե Մանուել Բարոզուն: Կլինեն նաև ԵԺԿ նախագահ Վիլֆրեդ Մարթենսը, գլխավոր քարտուղար Անտոնիո Լոպես-Իստուրիսը, ինչպես նաև ԵԺԿ նախագահության բազմաթիվ անդամներ:
ԵՄ անդամ երկրների ղեկավարներից գագաթաժողովին կմասնակցեն Անգելա Մերկելը (Գերմանիա), Մարիանո Ռախոյը (Իսպանիա), Ժան-Կլոդ Յունկերը (Լյուքսեմբուրգ), Դոնալդ Տուսկը (Լեհաստան), Ֆրեդրիկ Ռայնֆելդտը (Շվեդիա), Յուրկի Կատայնենը (Ֆինլանդիա), Վիկտոր Օրբանը (Հունգարիա), Էնդա Քենին (Իռլանդիա), Բոյկո Բորիսովը (Բուլղարիա), Լոուրենս Գոնզին (Մալթա), Պեդրո Պասոկ Կուելյոն (Պորտուգալիա) և Յանեզ Յանշան (Սլովենիա):
Կլինեն նաև Ավստրիայի փոխկանցլեր Միխաել Շպինդելեգերը, Բելգիայի փոխվարչապետ Սթիվեն Վանակերեն, Հունաստանի զարգացման և ենթակառույցների նախարար Կոստիս Հացիդակիսը, Էստոնիայի պաշտպանության նախարար Ուրմաս Ռեյնսալուն: Բրյուսելում կլինեն նաև Սիլվիո Բեռլուսկոնին, Կիպրոսի, Դանիայի, Ֆրանսիայի ու Սլովակիայի ընդդիմությունների առաջնորդներ Նիկոս Անաստասիադեսը, Լարս Բառֆյոդը, Ժան-Ֆրանսուա Կոպեն և Յան Ֆինգելը:
ԵՄ անդամ չհանդիսացող երկրներից ԵԺԿ գագաթաժողովին, բացի ՀՀ նախագահից, կմասնակցեն նաև Միխեիլ Սաակաշվիլին (Վրաստան), Վլադ Ֆիլատը (Մակեդոնիա), Սալի Բերիշան (Ալբանիա), ինչպես նաև Բակիր Իզետբեկովիչը (Բոսնիա և Հերցեգովինա): Կլինեն նաև սերբական, խորվաթական և նորվեգական ընդդիմությունների ղեկավարները՝ Մլադիչ Դինկիչը, Տոմիսլավ Կարամարկոն և Էռնա Սոլբերգը: