30/06/2012 14:15
Հ. Թովմասյան. «Հարսնաքարի» դեպքը միայն ծեծ որակելը քիչ է
Այսօր ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, անդրադառնալով «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած դեպքերին, նշեց, որ դա ոտնձգություն է պետական իշխանության նկատմամբ:
«Ցավալի է, դա ողբերգություն է, հուսամ, նման բան այլևս չի պատահի, ես անձամբ ճանաչելով ոստիկանապետին` որպես սկզբունքային մարդ, որևէ առիթ չունեմ չվստահելու նրա ասածին, որ բոլոր մեղավորները պատժվելու են:
Ամենակարևորը, պետք վերացնել անպատժելիության մթնոլորտը, և բոլորը հասկանան, որ ուժի նման գործադրումը նշանակում է ոտնձգություն պետական իշխանության նկատմամբ, և այս իրավիճակում պետք է ավելի խիստ լինել, քան սահմանափակվել դրան ծեծ անվանումը տալով: Վահե Ավետյանի մահը, իհարկե, կփոխի առաջադրված մեղադրանքը, այստեղ գործ ունենք արդեն սպանության հետ»,-Aysor.am թղթակցի` Վահե Ավետյանի մահը կփոխի՞ առաջադրված մեղադրանքը հարցին ի պատասխան ասաց նախարարը:
Նախարարի խոսքով, այստեղ մենք այլ խնդիր ունենք, այն է, սահմանել, թե ինչ է նշանակում անվտանգության աշխատակից և ինչ իրավունքներ նա ունի: «Իրավական առումով այստեղ այլ խնդիր կա, այն է, հստակ կանոնակարգել, ինչ է նշանակում հանրային օբյեկտի ապահովություն, ովքեր կարող են մասնակցել դրան, ինչ իրավունքներ ունեն կամ չունեն թիկնապահները և անվտանգության աշխատակիցները, ինչ անել, ինչ հագուստ կրել, թեև պետք է նշել, որ ձեռբերումներ ևս կան այդ ոլորտում, հիմա փողոցներում թիկնազորեր այլևս չեն հանդիպում: Մենք այստեղ կարգավորման խնդիր ունենք, և մոտ ապագայում ես իրավական միջոցներ կձեռնարկեմ» ,-ասաց նա: