03/07/2012 10:14
Սիրիայի զինված ընդդիմությունը կբոյկոտի Կահիրեի համաժողովը
Սիրիայի ներքին զինված ընդդիմության ներկայացուցիչները՝ ապստամբները, հայտարարել են, որ պատրաստվում են բոյկոտել Կահիրեում կայանալիք սիրիական ընդդիմության համաժողովը:
Ինչպես գրում է BBC-ն, ապստամբները նշել են, որ հանդիպումը տեղի է ունենում այն բանից հետո, երբ հունիսի 30-ին Ժնևում որոշում է կայացվել՝ ուղղված ռեժիմի փրկությանը, երկխոսության հաստատմանը և կոալիցիոն իշխանության ձևավորմանը:
Ընդդիմության ներկայացուցիչները, ըստ աղբյուրի, մեղադրել են համաժողովի մասնակիցներին, քանի որ «նրանք մերժում են ժողովրդին փրկելու համար զինված միջամտության ցանկացած գաղափար»:
«Մենք հրաժարվում ենք ցանկացած երկխոսությունից և բանակցություններից»,- ասվում է հայտարարության մեջ:
Կահիրեում հուլիսի 2-3-ը Արաբական երկրների լիգայի նախաձեռնությամբ հրավիրվել է համաժողով, որին կմասնակցեն տարբեր կուսակցությունների գրեթե 250 ներկայացուցիչներ, անկախ գործիչներ: Մասնավորապես, այնտեղ ներկա կգտնվեն «Մուսուլման եղբայրներ»–ի, Սիրիայի ազգային խորհրդի, Ազգային համակարգող կոմիտեի անդամներ: