12/07/2012 15:36
Սալբի Ղազարյան.Փողերի լվացման հանցակազմն ընդհանրապես բացակայում է
«Այսօր 9-րդ օրն է, որ հարկային ստուգումները շարունակվում են: Փաստաբան Արթուր Գրիգորյանն այսօր կմտնի դատարան այն խնդրանքով, որ հետ վերցվի ԱԱԾ-ի այն որոշումը, որի հիման վրա քրեական գործ է հարուցվել»,-այսօր լրագրողներին հայտնեց «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը` ներկայացնելով հիմնադրանի շուրջ վերջին զարգացումները:
Նրա խոսքով, իրենց գործունեությունը բացառապես թափանցիկ է, իսկ այն, որ որևէ աղմուկ չկա առայժմ, փաստում է, որ իրենք փայլուն գործունեություն են իրականացրել, քանի որ իրենց հիմնադրամն հենց սկզբից ամեն ինչ արել է, որ հատկապես փաստաթղթային գործունեությունը լինի թափանցիկ և մաքուր:
«Կնքված գործարքներից ստացված գումարների միայն մի մասն է հատկացվել հիմնադրամին: Մենք բողոքարկում ենք այն, որ փողերի լվացման հանցակազմն ընդհանրապես բացակայում է գործի նյութերում, և այդ մեղադրանքը ստվեր է գցում մինչ այժմ թափանցիկ գործունեություն ունեցող հիմնադրամի վրա: Հուսով եմ, կապացուցենք, որ «Սիվիլիթասի» հեղինակությանը վնասելու նպատակ դատաքննաչական մարմինները չունեն»,-ասաց փաստաբան Արթուր Գրիգորյանը:
Հիմնադրամի` մորմոնների կողմից ֆինանսավորմանհետ կածված հարցին ի պատասխան Ս. Ղազարյանը նշեց, որ այդ դեքպում Գյումրին էլ է հովանավորվում մորմոնների կողմից: «Սիվիլիթասը հովանավորվում է մի շարք կրոնների պատկանող հովանավորների կողմից, և մինչ այսօր նրանցից որևէ մեկը դժգոհություն չի հայտնել: Կարծում եմ, այստեղ կա քաղաքական նպատակ և պատվեր, քանի որ չկա որևէ հանցակազմ»,-ասաց Ս. Ղազարյանը:
Նրա խոսքով, Վարդան Օսկանյանն ու ինքը ցուցմունք չեն տվել: Օրենքով դեռ 6 օր կա հետաքննության շարունակման համար, սակայն քանի որ իրենց գործունեությունը բացառապես թափանցիկ է, իրենք այսօր են ասուլիս հրավիրել:
«Հանթսմանը Գյումիրում էլ է օգնություն արել, ուրեմն Գյումրին էլ է մորմոնների կողմից ֆինանսավորվում, մենք աբսուրդի ենք հասցնում ամեն ինչ, հովանավորի արածը թողած` նրա դավանած կրոնն ենք քննարկում: Սա ահավոր կարճատես գործընթաց է, որը կստվերի նաև ՀՀ կառավարության վստահելիությունը` որպես գործընկեր, և նրա հետևողական լինելու համբավը, որովհետև, եթէ մեկը հովանավորում է քեզ, բայց մի քանի տարի անց դու ոտնակոխ ես անում նրան, արդեն խոսում է այն մասին, որ մենք պատրաստ չենք անկեղծորեն համագործակցության»,-կարծում է Ս. Ղազարյանը:
Փաստաբանի Արթուր Գրիգորյանն էլ նշեց, որ թեև այսօր մտնելու է դատարան, սակայն իրենց շանսերը մեծ չի գնահատում, որովհետև այստեղ ողջ դատական համակարգը պետք է աշխատի, որ իրենց առաջադրված մեղադրանքն ապացուցվի: «Քրեական որոշումը եթե վերացնեն, դա աննախադեպ կլինի ՀՀ-ի համար: Մենք հուսով ենք, որ դա այդպես կլինի: Հետագա հանգամանքերից է կախված, թե ուր կդիմենք: Եթե ՀՀ բոլոր միջոցները սպառվեն, կդիմենք ՄԻԵԴ, սակայն այս պահին դրա մասին խոսելը վաղաժամ եմ համարում»,-ասաց փաստաբանը:
Հարցին, եթե Վ. Օսկանյանը անմեղ է, ինչու չի գոռում, այլ իր իսկ ասածի նման, պարտիզանի նման լռություն է պահպանում, Ս. Ղազարյանը նշեց, որ ՀՀ սահմանադրության համաձայն իրենք պարտավոր չեն ապացուցել իրենց անմեղությունը: Հարցին, միթե որևէ աննշան բացթողում չունեն, որն իրենց կասկածի առիթ է տալիս, Ս. Ղազարյանը պատասխանեց, որ իրենք 4 տարի է աշխատում են, ունեն մեծ թվով աշխատակազմ, և միայն գործ անողն է սխալվում, բայց դա քրեական գործի հետ կապ չունի:
Փաստաբանն էլ իր հերթին ասաց. «Մեզ մոտ հարկային մարմինները «չեն սխալվում», և երբ որ մի բան չեն գտնում, պատրաստ են գնալ ֆանտաստիկ բաների: Ասենք, մի դեպք կար, նորից բացարձակապես մաքուր գործունեություն իրականացրած մի կազմակերպության տուգանեցին այն բանի համար, որ նրանք իրենց ծրագրավորողներին անվճար սուրճ են տալիս, ինչը նշանակում է, որ աշխատանքը որոշակի առումով նաև բնամթերքով են փոխհատուցում, ուրեմն դա էլ պետք է հարկային դաշտում ֆիքսվեր»:
Հիշեցնենք, որ ԱԱԾ քննչական վարչությունը մայիսի 25-ին հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու հատկանիշներով քրեական գործ է հարուցել, որի հետ կապված շոշափվում է «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր, ՀՀ նախկին արտգործնախարար և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի անունը: