17/07/2012 10:00
Եգիպտոսում ազատ են արձակվել ամերիկացի զբոսաշրջիկները
Երկու ամերիկացի զբոսաշրջիկ, որոնք մի քանի օր առաջ գերի էին ընկել Սինայի թերակղզու բեդուինների մոտ, ազատ են արձակվել: Այս մասին գրում է BBC-ն՝ վկայակոչելով եգիպտական հեռուստաընկերություններին:
Աղբյուրը գրում է, որ զբոսաշրջիկների ազատումը հնարավոր է եղել միայն ուժային կառույցների ներկայացուցիչների, Սինայի բեդուինական ցեղերի առաջնորդների և առևանգողների հետ անցկացված մանրամասն բանակցություններից հետո:
Գործակալությունը հիշեցնում է, որ հուլիսի 13-ին բեդուինների մի խումբ կանգնեցրել է զբոսաշրջային մի ավտոբուս, որի մեջ ԱՄՆ-ի քաղաքացիներ են եղել: Բեդուինները ավտոմեքենայից հանել են 60 և 40 տարեկան կին զբոսաշրջիկների, ինչպես նաև նրանց ուղեկցող եգիպտոսցի գիդ-թարգմանչին ու տարել են թերակղզու դժվարամատչելի շրջաններից մեկը: Պատանդների փոխարեն նրանք առաջարկել են ազատ արձակել իրենց ազգականներից մեկին, որը իր պատիժն է կրում Ալեքսանդրիայի բանտերից մեկում: