20/07/2012 17:58
Տ. Առաքելյանը դատապարտվեց 6, Ա. Կարապետյանը`3 տարվա ազատազրկման
Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը այսօր` հուլիսի 20-ին հրապարակեց Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներ Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի, Տիգրան Առաքելյանի և Արտակ Կարապետյանի գործով դատավճիռը:
Տիգրան Առաքելյանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման, Արտակ Կարապետյանը` 3, Սարգիս Գևորգյանը և Դավիթ Քիրամիջյանը` 2-ական տարվա ազատազրկման:
Տիգրան Առաքելյանը դատարանի դահլիճում հայտարարել է, որ բացարձակ պետք չէ հաշվի առնել այս դատավճիռը:
Դատավճռի ուժի մեջ մտնելուց հետո Արտակ Կարապետյանը, Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը կազատազրկվեն: Դատարանի վճիռը ներկաներն ընդունեցին «ամոթ-ամոթ» վանկարկումներով:
Նշենք, որ հուլիսի 14-ին կայացած նիստում մեղադրող դատախազ Հակոբ Մարտիրոսյանը դատավորին խնդրել էր Տիգրան Առաքելյանին դատապարտել 6 տարի, Արտակ Կարապետյանին` 3 տարի 6 ամիս, իսկ Սարգիս Գևորգյանին ու Դավիթ Քիրամիջյանին` 2 տարի ազատազրկման: Մարտիրոսյանն առաջարկել էր Դավիթ Քիրամիջյանի պատիժը պայմանականորեն չկիրառել:
Հիշեցնենք, որ 2011թ. օգոստոսի 9-ին Խնկո Ապոր Գրադարանի մոտ տեղի ունեցած միջադեպից հետո ոստիկանության Կենտրոնի բաժին բերման էին ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի 7 ակտիվիստներ: Ավելի ուշ, երիտասարդներից 4-ի մասով գործն ավարտվել էր և ուղարկվել դատարան, մյուս երեք երիտասարդների մասով գործը դեռևս գտնվում է ՀՔԾ-ում: Վեց երիտասարդները ստորագրությամբ ազատ էին արձակվել, իսկ Տիգրան Առաքելյանը մինչ այժմ կալանավորված է:
Ըստ ոստիկանության, գրադարանի մոտ միջադեպն սկսել էր այն բանից, երբ ոստիկանները մի երիտասարդի հորդորել էին շանը ման տալ դնչկալով, մինչդեռ երիտասարդների պնդմամբ, միջադեպը սկսվել էր ոստիկանների սադրիչ գործողությունների հետևանքով: Նրանք նաև նշել էին, թե ոստիկաններն իրենց դաժան ծեծի են ենթարկել: