09/08/2012 12:17
Այսօր 120 սիրիահայ երեխա կլինի Երևանում
Այսօր տեղի ունեցավ կառավարության հերթական նիստը, որը վարում էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Մինչ նիստը սկսելը վարչապետը խոսքը փոխանցեց ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանին, ով զբաղվում է սիրիահայ երեխաներին Հայաստան այցելության հետ կապված հարցերով:
Տիգրան Սարգսյանը նշեց, որ այսօր առաջին ինքնաթիռն է ուղարկվել Դամասկոս. այնտեղից 120 երեխա պետք է ժամանի Հայաստան` անցկացնելու ամառային հանգիստը ճամբարներում:
Վաչե Տերտերյանը նշեց, որ 10:25 «Արմավիա»-ի ինքնաթիռը մեկնել է Դամասկոս, ակնկալում են, որ Երևանում ինքնաթիռը վայրէջք կկատարի 14:30-15: 00: Ճամբարը պատրաստ է երեխաներին ընդունելուն, առողջապահության, սփյուռքի, ԱԳ նախարարությունները, ոստիկանությունը իրենց մասով բոլոր աշխատանքները կատարել են, ձևավորվել է աշխատանքային խումբ:
Երեխաներին դիմավորելու է նաև Սիրիայի դեսպանը` սեփական ցանկությամբ, օդանավակայանում կլինեն նաև սփյուռքի և ԱԳ նախարարության ներկայացուցիչներ:
Վարչապետը շնորհակալություն հայտնեց մասնավոր հատվածին, մասնավորապես Պորմեթեյ բանկին` չվերթի ֆինանասվորման համար և հավելեց, որ ևս երկու ինքնաթիռ է ուղարկվելու Սիրիա, Հալեպից շուրջ 300 երեխայի Հայաստան տեղափոխման համար: