23/08/2012 16:20
ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկում է անցկացվել
Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ասկերանի ուղղությամբ:
ԼՂՀ ԱԳՆ փոխանցմամբ` ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումը գլխավորել է ԵԱՀԿ Գործող նախագահի Անձնական ներկայացուցիչ /ԳՆԱՆ/ դեսպան Անջեյ Կասպրշիկը: Դիտարկման խմբի մեջ էին ԳՆԱՆ դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն /Չեխիա/ և ՈՒիլյամ Պրայորը /Մեծ Բրիտանիա /:
Շփման գծի հակառակ կողմից դիտարկումը իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Անթալ Հերդիչը /Հունգարիա/ և ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի համակարգող Փիթեր Կիին /Մեծ Բրիտանիա/:
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի: Դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: