25/08/2012 11:18
Բրեյվիկի համար հատկացվել է 3 սենյականոց բանտախուց
Անդրես Բրեյվիկը, ով նախօրեին Նորվեգիայի դատարանի կողմից դատապարտվել է 21 տարվա ազատազրկման, չի բողոքարկելու դատարանի որոշումը, գրում է BBC-ն: Նրա խոսքով, ինքը չի ընդունում դատարանի լեգիտիմությունը, այդ պատճառով էլ չի բողոքարկելու նրա որոշումը:
«Ես ուզում են ներողություն խնդրել Նորվեգիայի և Եվրոպայի բոլոր ազգայնականների առաջ, որ չկարողացա սպանել ավելի շատ մարդու»,-ասել է նա դատավճռի հրապարակումից անմիջապես հետո:
Դատախազությունը, ով ավելի վաղ պնդում էր, որ մարդասպանը հոգեկան հիվանդ ճանաչվի, ևս չի բողոքարկելու այս որոշումը:
Նշենք, որ Նորվեգիայի օրենսդրության համաձայն, նա դատապարտվել է առավելագույն պատժաչափով` 21 տարվա ազատազրկման:
«Ռոսբալտ» գործակալությունը նաև տվյալներ է հրապարակել այն բանտախցի մասին, որտեղ ապրելու է նա:
Ըստ գործակալության, Ա. Բրեյվիկին հատկացվել է 3 սենյականոց բանտախուց, և այդ նպատակով «Իլա» բանտի մի թևը վերազինել են: Նրա երեք սենյականոց բանտախցում կա ննջարան, ֆիզիկական վարժությունների համար սենյակ և աշխատասենյակ, ինչպես նաև նա ունի առանձին բակ, որտեղ կարող է դուրս գալ և մաքուր օդ շնչել: Բակը ամբողջովին բարձր քարե պարսպով և փշալարերով է պատված:
Հիշեցնենք, որ Ա. Բրեյվիկը մեղավոր է ճանաչվել Ուտոյա կղզում 77 մարդու սպանության մեջ: Նա դատարանում ևս մեկ անգամ հաստատել է, որ իր նպատակն էր պաշտպանել արմատական նորվեգացիներին: