04/09/2012 12:46
Քեթրին Էշթոնն ու Շտեֆան Ֆյուլեն հայտարարություն են տարածել
ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը և ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարություն են տարածել՝ կապված Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու հետ:
«ԵՄ բարձր ներկայացուցիչը և հանձնակատար Ֆյուլեն մտահոգված են այն տեղեկությամբ, որ Ադրբեջանի նախագահը ներում է շնորհել ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սաֆարովին, ով մեղավոր էր ճանաչվել և դատապարտվել էր ցմահ ազատազրկման՝ հայ սպա Գուրգեն Մարգարյանին 2004 թ-ին Բուդապեշտում սպանելու համար:
Ռամիլ Սաֆարովը Հունգարիայից արտահանձնվել է Ադրբեջան օգոստոսի 31-ին, Ադրբեջանի խնդրանքի հիման վրա՝ 1983 թ-ի մարտի 21-ին Ստրասբուրգում ընդունված դատապարտյալների փոխանցման վերաբերյալ կոնվենցիայի շրջանակներում: ԵՄ ներկայացուցիչները կապի մեջ են գտնվում համապատասխան իշխանությունների հետ և շարունակելու են հետևել իրավիճակին:
Տարածաշրջանային կայունության և ընթացիկ հաշտեցմանն ուղղված ջանքերից ելնելով` բարձր ներկայացուցիչը և հանձնակատար Ֆյուլեն կրկնում են Ադրբեջանին և Հայաստանին ուղղված իրենց կոչը՝ ցուցաբերել զսպվածություն իրենց հանրային ելույթնեում՝ իրավիճակի թեժացումը կանխելու համար»: