13/09/2012 17:21
«Հարսնաքար». Դատախազին ներկայացված բացարկը մերժվեց
Վահե Ավետյանի մահվան գործով դատական նիստին պաշտպանական կողմից դատախազ Արթուր Դավթյանին ներկայացված բացարկը մերժվեց: Մինչև նիստի սկսվելը Վահե Ավետյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը հայտարարեց, որ բոյկոտում է դատական նիստը, և չի ներկայանա նիստերի դահլիճ, քանի որ նկատել է, որ դահլիճ առանց ստուգման մտել են քաղաքացիական հագուստով մի քանի անձինք: Այս պահին դատարանում կրկին ընդմիջում է հայտարարվել:
Հիշեցնենք, որ այսօր Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է ռազմական բժիշկ Վահե Ավետյանի մահվան գործով դատավարությունը:
Մեղադրական եզրակացության համաձայն` «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցներ Գարիկ Մարգարյանին, Դավիթ Ադամյանին, Արթուր Բաբլոյանին, Արման Բաղդասարյանին, Արման Խաչատրյանին և Նորայր Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք ծեծի են ենթարկել Վահե Ավետյանին, Արտակ Բայադյանին, Գարիկ Սողոմոնյանին, Արկադի Աղաջանյանին և Էդգար Նիկոյանին: Վահե Ավետյանի առողջությանը դիտավորությամբ պատճառվել էր կյանքի համար վտանգավոր ծանր վնաս, որն անզգուշությամբ առաջացրել էր վերջինիս մահը, Արտակ Բայադյանի և Գարիկ Սողոմոնյանի առողջությանը` միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով, իսկ Արկադի Աղաջանյանին և Էդգար Նիկոյանին ծեծի արդյունքում մարմնական վնասվածքներ չեն պատճառվել: