13/09/2012 18:08
Իրանում ցուցարարները շրջափակել են Շվեյցարիայի դեսպանատունը
Թեհրանում առնվազն 500 ցուցարարներ բողոքում են ԱՄՆ-ում նկարահանված ֆիլմի դեմ, որը, ըստ մահմեդականների, վիրավորում է Մոհամեդ մարգարեին:
«Ռոսբալտ.ռուի» փոխանցմամբ` ցուցարարները հավաքվել են Իրանում Շվեյցարիայի դեսպանատան մոտ, որը ներկայացնում է նաև ԱՄՆ-ի շահերը` Իրանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում:
Ցուցարարները վանկարկում էին «Մահ Ամերիկային» և «Մահ Իսրայելին» կոչերը:
Ոստիկանները և անվտանգության ուժերի աշխատակիցները փորձում են թույլ չտալ ցուցարարներին մոտենալ դեսպանատան շենքին, որտեղից արդեն տարհանվել են շվեյցարացի դիվանագետները: