15/09/2012 15:24
ՄԱԿ-ի նոր հանձնակատարը կհանդիպի Բաշար Ասադին
Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի նոր հանձնակատարի և Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հանդիպման նպատակը երկրում տիրող իրավիճակին վերջ դնելն է, գրում է Բի-Բի-Սիի(BBC):
Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի նոր հանձնակատար Լախդար Բրախիմին Դամասկոս է ժամանել սեպտեմբերի 13-ին: Նրա և Բ. Ասադի հանդիպման այլ մանրամասները չեն հաղորդվում:
Ըստ «Ինտերֆաքսի», Լ.Բրախիմին հանդիպել է նաև Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալեմի հետ: Հանդիպման ժամանակ Սիրիայի ԱԳ նախարարը նշել է, որ իրենց կառավարությունը ողջունում է Լ.Բրախիմիի առաքելությունը և կանի ամեն հնարավորը, որ այն հաջողվի:
Նա խոստացել է, որ սիրիական կողմը ամբողջովին կհամագործակցի ՄԱԿ-ի նոր հանձնակատարի հետ:
Նրա կարծիքով, ՄԱԿ-ի հանձնակատարի առաջնային խնդիրն է իրեն աջակցություն հայտնած երկրներին համոզել, որ վերջինները հրաժարվեն Սիրիայի ահաբեկչական խմբավորումներին ֆինանսական և որևէ այլ օգնություն ցուցաբերելուց:
Մուալեմի խոսքով, ցանկացած խաղաղապահ առաքելության նպատակը պետք է լինեն սիրիացի ժողովրդի շահերը և երկրում առկա խնդրի կարգավորումը առանց արտաքին միջամտության:
Սա Լ.Բրախիմիի առաջին այցն է այս երկիր պաշտոնի ստանձնումից ի վեր: ՄԱԿ-ի նախորդ հանձնակատար Քոֆի Անանը լքել է պաշտոնը իր` երկրում իրավիճակի խաղաղ կարգավորման ծրագրի տապալումից հետո:
Բի-Բի-Սիի ընդգծմամբ, Սիրիայում հակակառավարական ցույցերի հետևանքով ավելի քան 20 հազար մարդ սպանվել է, իսկ 2 մլն. մարդ լքել են իրենց տները: