24/09/2012 16:04
«Հարսնաքարի» գործով դատական նիստը կրկին հետաձգվեց
Այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, կայացավ «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով մահացած Վահե Ավետյանի և մյուսների գործով դատական նիստը: Դատավարության սկզբում դատավորը բավարարեց մեղադրյալ Արման Խաչատրյանի միջնորդությունը` որպես պաշտպան գործում ներգրավելու փաստաբան Ավագ Լալայանին:
Վերջինս դատարանին միջնորդեց հետաձգել նիստը` գործի բոլոր նյութերին հանգամանալից ծանոթանալու համար: Դատարանի որոշմամբ` հաջորդ դատական նիստը կկայանա հոկտեմբերի 3-ին ժամը 14:30-ին:
Նշենք, որ տուժողներ Էդգար Նիկոյանը, Գարիկ Սողոմոնյանը, Արտակ Բայադյանը և Արկադի Աղաջանյանը չէին ներկայացել դատական նիստին, և փաստաբան Տիգրան Եգորյանը դատարանին ներկայացրեց նրանց դիմումը, որով տուժողները դատարանին խնդրում էին հարգելի համարել իրենց բացակայությունը: Մեղադրող դատախազ Արթուր Դավթյանը նշեց, որ այս դատական նիստին պարտադիր չէ, սակայն հաջորդ դատական նիստերին նրանց մասնակցությունը ցանկալի կլինի:
Մեղադրական եզրակացության համաձայն` գործով մեղադրանք է առաջադրվել «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցներ Գարիկ Մարգարյանին, Դավիթ Ադամյանին, Արթուր Բաբլոյանին, Արման Բաղդասարյանին, Արման Խաչատրյանին և Նորայր Հայրապետյանին ռազմական բժիշկներ Վահե Ավետյանին, Արտակ Բայադյանին, Գարիկ Սողոմոնյանին, Արկադի Աղաջանյանին և Էդգար Նիկոյանին ծեծի ենթարկելու համար:
Ըստ մեղադրական եզրակացության, ծեծի հետևանքով Վահե Ավետյանի առողջությանը դիտավորությամբ պատճառել են «կյանքի համար վտանգավոր ծանր վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը», Արտակ Բայադյանի և Գարիկ Սողոմոնյանի առողջությանը` միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով, իսկ Արկադի Աղաջանյանին և Էդգար Նիկոյանին ծեծի արդյունքում մարմնական վնասվածքներ չեն պատճառվել:
Նշենք, որ դատական նիստերի դահլիճում ներկա էին Րաֆֆի Հովհաննիսյանը և Նոր ժամանակներ կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: