28/09/2012 11:00
«Փուչիկների հրդեհման գործով» դատական նիստը հետաձգվեց
Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, հետաձգվեց մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում «փուչիկների հրդեհման գործով» մեղադրվող Սերոբ Բոզոյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Հաջորդ դատական նիստը կկայանա հոկտեմբերի 11-ին, ժամը 10.00-ին:
Նախորդ դատական նիստի ընթացքում ամբաստանյալը միջնորդություն էր ներկայացրել` իրեն հանրային պաշտպան նշանակելու մասին: Նրա շահերը դատարանում կպաշտպանի փաստաբան Կարեն Մանուչարյանը, ով դատարանից խնդրեց առնվազն տաս օր` գործի նյութերին ծանոթանալու, ինչպես նաև պատճենելու համար: «Հակառակ դեպքում տեխնիկապես և որակապես հնարավոր չի լինի ապահովել որակյալ պաշտպանություն»,-ասաց պաշտպանը:
Մեղադրող դատախազ Հակոբ Մարտիրոսյանն առարկեց, նշելով, որ այդ ժամկետը բավականին երկար է, և առավել ողջամիտ է նյութերին ծանոթանալու համար 4 օր տրամադրել:
Դատարանը բավարարեց պաշտպանի միջնորդությունը:
Հիշեցնենք, որ մեղադրական եզրակացության համաձայն, Սերոբ Բոզոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. մայիսի 4-ին Երևան քաղաքի Լեոյի փողոցի 60 տանը թողարկել, ապա իրացրել է սպառողների կյանքի և առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ, որի հետևանքով նույն օրը 228 մարդկանց անզգուշությամբ պատճառվել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: