01/10/2012 12:38
Բունդեսթագի փոխնախագահն այցելել է Ծիծեռնակաբերդ
Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Վոլֆգանգ Թիրզեն երեկ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ՝ 1915 թվականի Հայոց մեծ եղեռնի հուշահամալիր և ծաղիկներ դրել ցեղասպանության անմեղ զոհերի հուշարձանին։ Տեղեկացնում են ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Բունդեսթագի փոխնախագահն, ով առաջին անգամ է այցելում Հայաստան, եղել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել է Հայոց մեծ եղեռնը հավաստող փաստաթղթերին ու վավերագրերին, գրառում է կատարելց «Պատվո հյուրերի» հուշամատյանում, նշելով. «Դատապարտում ենք Ցեղասպանությունն ու պարտավորվում խաղաղություն հաստատել և պաշտպանել մարդու իրավունքները»։
Վոլֆգանգ Թիրզեն լրագրողների հետ զրույցի ժամանակ նշել է. «Գերմանական ժողովուրդը հիշում է 20-րդ դարում նաև տարբեր ժողովուրդների դեմ կատարված հանցագործությունները։ Գերմանիայի Բունդեսթագը 2005 թվականին իր որոշմամբ դատապարտել է հայ ժողովրդի ջարդերը և դիրքորոշում հայտնել այդ պատմական իրադարձությունների առնչությամբ։ Մենք կարծում ենք, որ այդպիսի պատմական իրադարձությունները պետք է արժանանան գնահատանքի և դատապարտվեն»: