05/10/2012 11:00
«Դժվար է գերագնահատել ձեր դերը մատաղ սերնդի կրթության գործում»
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ.
«Սիրելի´ ուսուցիչներ.
Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:
Սա տոն է մեր ողջ ժողովրդի համար, քանի որ դժվար է գերագնահատել ձեր դերը մատաղ սերնդի կրթության, նրա հայեցի դաստիարակության ու ազգապահպանման գործում: Եվ ամենևին էլ պատահական չէ, որ ուսուցչի աշխատանքը միշտ մեծ հարգանք է վայելել Արցախում:
Այսօր էլ կրթությունը հանդիսանում է մեր հանրապետության զարգացման առանցքային ուղղություններից մեկը, առանց որի անհնար կլինի արժանի տեղ զբաղեցնել ժամանակակից աշխարհում:
ԼՂՀ իշխանություններն այսուհետ էլ կանեն հնարավորը ոլորտում առկա խնդիրները ժամանակին ու արդյունավետ կերպով լուծելու ուղղությամբ: Վստահ եղեք՝ այդ գործընթացը կկրի շարունակական բնույթ:
Թանկագին բարեկամներ,
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում քաջառողջություն, երջանկություն, բեղմնավոր աշխատանք ու ամենայն բարիք»:
Ասվում է Արցախի նախագահի հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության մեջ: