12/10/2012 14:38
Մահացել է Երուսաղեմի Հայոց Պատրիարքը
Հոկտեմբերի 12-ին Երուսաղեմում երկարատև հիվանդությունից հետո կյանքի 93-րդ տարում ի Տեր ննջել է Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը: Այս մասին Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին հայտնել է Երուսաղեմի պատրիարքական փոխանորդ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը, տեղեկացնում են Մայր Աթոռ Ս.Էջմիածին տեղեկատվական համակարգից:
Հոկտեմբերի 14-ին` Ս. Պատարագի ավարտին, Մայր Տաճարում կկատարվի հոգեհանգստյան արարողություն` Հայ Եկեղեցու վաստակյալ սպասավորի հոգու խաղաղության համար:
Աղբյուրի փոխանցմամբ, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Գերագույն հոգևոր խորհուրդը և Հայ Եկեղեցու ողջ եկեղեցական դասը սգում են բազմավաստակ Պատրիարք Սրբազան Հոր մահը` աղոթելով, որ Տերը Սուրբ Հոգու մխիթարությունը պարգևի հավատավոր մեր ժողովրդին և Իր խնամքի և օրհնության ներքո պահի Երուսաղեմի Հայոց Պատրիարքական Աթոռը և նրա զինվորյալ միաբանությունը:
Թորգոմ Պատրիարքը մեծ ավանդ է ունեցել միջազգային էկումենիկ հարաբերությունների զարգացման գործում: Նա ծառայել է ԱՄՆ-ում Քրիստոսի Եկեղեցիների Ազգային Ժողովի հանձնաժողովում, նախագահել է «Կրոնն ամերիկյան կյանքում» խորհուրդը: Եղել է նաև «Խղճմտանքի կոչ» հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ:
Հեղինակ է 20 մենագրությունների, որոնց թվում` բանաստեղծական երեք ժողովածուներ, հայկական Ս. Պատարագի ուսումնասիրություն, հայոց Մեծ Եղեռնին նվիրված գրքեր և Երուսաղեմի սուրբ վայրերի մանրամասն ուղեցույց: Պատրիարք Հայրը ճանաչված կոմիտասագետ էր: