16/10/2012 11:47
Տիգրան Աթանեսյան. Օսկանյանը գումարը փոխանցել է իմ պահանջով
ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանի գործով ոչ մի նախաքննություն չի իրականացվել, այլ քաղաքական հետապնդում է իրականցվում քրեական գործի անվան տակ, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Վարդան Օսկանյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը:
Նրա խոսքով, Վ.Օսկանյանի գործարքների մասին, հնարավոր է, տեղյակ չեն եղել հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամները, ինչի կարիքը, սակայն չի եղել, ինչպես և այդ պահին Սիվիլիթասը այդ 800 հազար ԱՄՆ դոլարի կարիքը չի ունեցել:
«Ե'վ դատախազի, և' քննիչի կողմից ներկայացված մեղադրանքներում կարմիր թելի նման անցնում է այն միտքը, որ Վարդան Օսկանյանը այդ գումարը պետք է միանգամից փոխանցեր հիմնադրամին, սակայն դրա կարիքը չի եղել: Դա նրա պարտականությունը ևս չի եղել նաև պայմանագրով: Դատախազի կողմից դա այնպես մեկնաբանվեց, որ նա չէր ցանկանում դա փոխանցել, բայց վախեցավ և փոխանցեց, սակայն դա եղել է իմ պահանջը և հորդորը, որովհետև ակնհայտ էր, որ այն դրվելու է արգելանքի տակ և գնալու-կորելու է»,-ասաց պաշտպանը:
Նրա խոսքով, Վարդան Օսկանյանը ամեն ինչ արդեն ասել է առաջին հարցաքննության ժամանակ, և այժմ լռության պահպանումը նրա իրավունքն է:
«Օսկանյանը մանրամասն ցուցմունք է տվել առաջին հարցաքննության ժամանակ, իսկ լռության պահպանումը նրա իրավունքն է, քանի որ լռությունը շատ հաճախ շատ ավելի բարձր ճիչ է: Վ. Օսկանյանը ոչինչ չունի թաքցնելու, բոլոր ծախսերը, գումարի ողջ շարժը այնպիսին է, որ յուրացման մասին խոսք չկա»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Վարդան Օսկանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 179 և 190 հոդվածների հատկանիշներով: Նա կասկածվում է առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցներ յուրացնելու և յուրացման արդյունքում ստացված եկամուտներն օրինականացնելու մեջ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: