19/10/2012 16:24
ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է կիրառել Իրանի և Սիրիայի նկատմամբ
ԵՄ-ի կողմից ընդունված նոր պատժամիջոցները արգելում են Իրանին վաճառել ալյումին, երկաթ, որոնք կարող են օգտագործվել ատոմային զենք կամ բալիսթիկ հրթիռներ ստեղծելու համար:
«Ռոսիյսկայա գազետա»-ի փոխանցմամբ, նոր պատժամիջոցները ուժեղացնում են ճնշումները Իրանի Կենտրոնական բանկի նկատմամբ` ԵՄ-ի բանկերին արգելվում է գործառույթներ իրականացնել իրանական վարկային կազմակերպությունների հետ`բացառությամբ մարդասիրական գնումների:
ԵՄ-ի «սև ցուցակ»-ի մեջ են հայտնվել նաև իրանական 34 իրավաբանական անձինք, որոնք գործում են նավթագազային և ֆինանսական հատվածներում:
Բացի այդ, այսօր ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել նաև Սիրիայի նկատմամբ: Նոր սահմանափակումները վերաբերվում են Դամասկոսին 3-րդ երկրների կողմից ծովային կամ ցամաքային ճանապարհով ուղարկվող բեռների ապահովագրության արգելմանը:
ԵՄ-ը նաև մեծացրել է Սիրիայի «սև ցուցակ»-ը`այնտեղ է ընդգրկվել սիրիացի ևս 28 պաշտոնյա: