20/10/2012 12:09
Ոստիկանապետ. Ոչինչ իդեալական չի լինում
Այսօր Ծաղկաձորում մեկնարկեց ԶԼՄ ներկայացուցիչների և ՀՀ ոստիկանության ծառայողների համար «Ոստիկանության գործունեության լուսաբանման առանձնահատկությունները» թեմայով սեմինարը:
Սեմինարի ընթացքում բացման խոսքով հանդես եկավ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը: Նա նշեց, որ լրատվամիջոցները կարևոր դեր են կատարում` համակողմանիորեն ծանոթացնելով հանրությանը լրատվության հետ, և այդ հարցում լրատվամիջոցներն ու ոստիկանությունը պետք է համագործակցեն: Նա ոստիկանապետին հանձնեց «Ոստիկանն իմ պաշտպանն է» մակագրությամբ հուշանվերներ:
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն իր խոսքում նշեց, որ ոչինչ երբեք իդեալական չի լինում, սակայն ամեն ինչ պետք է լինի իր տրամաբանության մեջ, հավելելով, որ ոստիկանությունը լինելու է անաչառ, իսկ իրենց գործունեությունը բխելու է միայն օրինականությունից:
Համաժողովին մասնակցում են ՀՀ ոստիկանության շտաբի պետ Վարդան Եղիազարյանը, ներքին անվտանգության վարչության պետ Արմեն Հակոբյանը, անձնագրերի և վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը, ՀՀ ոստիկանության պետի խորհրդական Նարեկ Մալյանը և այլ պաշտոնատար անձինք: Համաժողովի օրակարգում են «Նախաքննական փուլում գտնվող քրեական գործերի լուսաբանման առանձանահտկությունները», «Երթևեկության անվտանգության ապահովման հիմնահարցերի լուսաբանումը ԶԼՄ-ներում», «ՀՀ-ում թմրամոլության, դրա հասցրած վնասի, թմրամոլության կանխարգելման և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի լուսաբանման առանձնահատկությունները» թեմայով քննարկումները: