24/10/2012 12:38
Լոնդոնում կվերակառուցվի օլիմպիական ավան-զբոսայգին
Ըստ էության` բարեխիղճ ու հայրենասեր մարդիկ են անգլիացի շինարարները: Համենայնդեպս Լոնդոնի օլիմպիական ավանի` դեռևս 2007 թ. շինարարության համար նախահաշվով նախատեսված 9,29 միլիարդ ֆունտ ստեռլինգը ոչ միայն չի ավելացել, այլ հակառակը` ծախսվել է 8,92 միլիարդը: Ընդհանուր հաշվով տնտեսվել է 480 մլն ֆունտ, որից 377 միլիոնն անվտանգության ապահովման, տրանսպորտի և շինարարության, իսկ 103 միլիոնը` չնախատեսված ծախսերի համար նախահաշվով առանձնացված գումարից:
Անգլիայի սպորտի նախարար Հյու Ռոբերտսոնն ասել է, որ տնտեսված գումարը հետ չի վերադարձվի պետբյուջե և կօգտագործվի Անգլիայի թագուհի Ելիզավետա 2-րդի անունը կրող օլիմպիական ավան-զբոսայգու վերակառուցման, վերասարքավորման համար:
Օլիմպիական 8 կառույցներից 6-ն արդեն գտել են իրենց հիմնական տերերին, իսկ օլիմպիական մարզադաշտի և մամուլի կենտրոնի նոր տերերն առայժմ հայտնի չեն:
Ի դեպ, ավան-զբոսայգին նոր տեսքով Լոնդոնի բնակչությանը կներկայանա խաղերի բացման արարողությունից ուղիղ 1 տարի հետո` 2013 թ. հուլիսի 27-ին: