25/10/2012 12:31
Շվեյցարացի պատգամավորներն ու գործարարներն Արցախում են
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 25-ին ընդունել է Շվեյցարիայից ժամանած մի խումբ պատգամավորների եւ գործարարների:
Արցախի նախագահի մամլո ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են Արցախ-Շվեյցարիա հարաբերությունների զարգացման եւ հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
Նախագահ Սահակյանը նշել է, որ Շվեյցարիայի հետ կապերի ամրապնդումը մեր արտաքին քաղաքական կարեւոր խնդիրներից մեկն է, եւ այստեղ արդեն իսկ նկատվում է շոշափելի տեղաշարժ:
Երկրի ղեկավարն այս համատեքստում անդրադարձել է նաեւ Սփյուռքի դերակատարությանը՝ այն համարելով տարբեր երկրների հետ փոխգործակցության զարգացման կարեւոր գործոններից մեկը:
Հանդիպմանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, բարերար Լեւոն Հայրապետյանը, պաշտոնատար այլ անձինք: