25/10/2012 11:56
Սաֆարովի գործով Չեխիայի ընդունած բանաձևը դիպուկ և արդարացի էր
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 24-ի երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի փոխնախագահ Պրշեմիսլ Սոբոտկայի հետ, որի ընթացքում իր եւ ՀՀ Ազգային ժողովի անունից գոհունակություն է հայտնել ՉՀ Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի կողմից ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի գործով ընդունած դիպուկ եւ արդարացի բանաձեւի կապակցությամբ: Հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի բաժնից:
Կարեւորելով չեխ գործընկերների այս քայլը՝ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ այն իրերն իրենց անուններով կոչելու եւս մեկ դրսեւորում է: Նա հույս է հայտնել, որ երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցությունն այսուհետ եւս կլինի արդյունավետ եւ շարունակական:
Պրշեմիսլ Սոբոտկան նշել է, որ ՉՀ խորհրդարանում մեծապես կարեւորում են մարդու իրավունքների ու ժողովրդավարական արժեքների պաշտպանությունը: Նա պատրաստակամություն է հայտնել ավելի խորացնելու Հայաստան-Չեխիա միջխորհրդարանական հարաբերությունները:
Կողմերը խորհրդանշական են համարել, որ այս բանաձեւն ընդունվել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի՝ Չեխիայի խորհրդարան կատարելիք այցի նախօրեին: