01/11/2012 12:46
500 մլն դրամ` Արմավիր ՔԿՀ-ի շինաշխատանքների համար
Այսօր կառավարության հերթական նիստի ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը կառավարության քննարկմանը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարությանը գումար հատկացնելու մասին նախագիծ. խոսքը 500 մլն դրամի մասին է, որը հատկացվելու է Արմավիր ՔԿՀ-ի շինաշխատանքների համար:
Նախարարը նաև նշեց, որ հաջորդ տարվա բյուջեով կտրամադրվի 1մլրդ գումար` աշխատանքներն ավարտելու համար և մայիս-հունիս ամիսներին Արմավիր ՔԿՀ-ի մեկ կորպուս պատրաստ կլինի, որը տեղավորում է չորս հարյուր հոգի:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ նախատեսվածից 1 տարի շուտ է ավարտվելու շինարարությունը, որը հնարավորություն կտա ֆինանսական միջոցներն ավելի արդյունավետ օգտագործել, քանի որ այսօր կառավարությունը լրացուցիչ ծախսեր է անում հնամաշ ՔԿՀ-ների պահպանման համար. «Այս համալիրը շահագործման հանձնելով` մեզ կհաջողվի նաև խուսափել ֆինանսական միջոցների փոշիացումից»:
Վարչապետը նաև նշեց, որ ԱՄՆ-ն խոստացել է ֆինանսական, տեխնիկական օժանդակություն, սարքավորումներ տրամադրել:
Հ.Թովմասյանի խոսքով, Արմավիր ՔԿՀ-ի շահագործումը թույլ կտա լուծել կառույցի գերծանրաբեռնվածության հարցը, որը գլխավոր խնդիրն է և որն այժմ Նուբարաշեն ՔԿՀ-ի վրա է:
Նոր կառույցում տեղադրվելու է տեսաձայնագրման համակարգ, հագեցվելու են տեխնիկական միջոցներով, որը քիչ մարդկային ռեսուրս է պահանջում:
Կառավարությունը հավանություն տվեց նախագծին: