16/11/2012 17:31
Ուրուգվայի պատվիրակության անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ
Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օռիկոյի գլխավորած պատվիրակության անդամները այսօր այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղկեպսակ ու ծաղիկներ դրել 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին` լռությամբ ու խոնարհումով հարգելով մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի բաժնից:
Բարձրաստիճան հյուրերը եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց Մեծ եղեռնը հավաստող վավերագրերին ու փաստաթղթերին։
Խորխե Օռիկոն հուշամատյանում կատարել է հերևյալ գրառումը.«Ուրուգվայի ժողովրդի անունից խնդրում եմ ընդունեք իմ խորին ցավակցությունը։ Հնարավոր չէ գնալ ապագա առանց հաստատակամության։ Ընդունեք իմ հուզումնառատ ողջույնները»։
Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահը «Հիշողության պուրակ»-ում տնկել է մշտադալար եղևնի։
«Մենք պատիվ ենք ունեցել լինել առաջին երկիրը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ 1920 թվականին, երբ Հայաստանը դիմել էր Ազգերի Լիգային անդամակցելու համար, 11 երկրներից առաջինը կողմ քվեարկեց Ուրուգվայը։ Մեր երկիրը պատրաստակամ է համագործակցել այն հարցերում, որոնք վերաբերում են խաղաղությանը։ Ուրուգվայը խաղաղության երկիր է, և մեր հնարավորությունների սահմանում փորձում ենք աջակցել մյուս երկրներին, որպեսզի նրանք էլ ձեռք բերեն խաղաղություն։ Մենք սատարում ենք այն բոլոր գործընթացներին, որոնց հիքում միջազգային իրավունքն է, ազգերի ինքնորոշման և ինքնիշխանության սկզբունքները, ինչպես նաև ՄԱԿ-ի հիմնարար փաստաթղթերը»,- լրագրողներին ասել է Խորխե Օռիկոն։
Ի պատասխան այն հարցի, թե արդյոք Ուրուգվայը կճանաչի՞ ԼՂՀ անկախությունը, Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահը նշել է. «Այս պահին ոչինչ չեմ կարող ասել։ Մենք Հայաստան եկել ենք համագործակցության համար։ Սա դիվանագիտական պատասխան չէ. մենք պետք է հարցն ամբողջովին ուսումնասիրենք, խնդրի վերաբերյալ ստանանք անհրաժեշտ տեղեկատվություն և փորձենք օգնել»: