19/11/2012 18:34
Վարդան Օսկանյանը կրկին հրավիրվել է ԱԱԾ
«Այսօր` նոյեմբերի 19-ին Սիվիլիթաս հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանը հերթական անգամ հրավիրվել է ՀՀ ԿԱ ԱԱԾ, այս անգամ տեղեկացվելու, որ հիմնադրամի կողմից դեռևս 2009թ. իրականացրած ծրագրերից մեկի մասով փորձաքաննություն է նշանակվել»: Այս մասին տեղեկացնում են Վարդան Օսկանյանի գրասենյակից:
«Այս կերպ, «փողերի լվացման» հատկանիշներով հարուցված քրեական գործով Վարդան Օսկանյանին մեղադրելուց հետո, իրավապահները փորձում են անցում կատարել արդեն հիմնադրամի բուն գործունեությանը` ուժեղացնելով ճնշումը ինչպես հիմնադրամի ներկա, այնպես էլ նախկին աշխատակիցների նկատմամբ:
Մասնավորապես հարցաքննության է հրավիրվել հիմնադրամի նախկին աշխատակիցներից մեկը, ով արդեն տևական ժամանակ բնակվում է ԱՄՆ-ում: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ծրագիրը, որը հայտնվել է ԱԱԾ-ի ուշադրության կենտրոնում, վերաբերվում էր ՀՀ սահմանամերձ շրջաններում ջրամատակարարմանը:
Նոր սկսվող գործընթացը ևս մեկ ապացույցն է մեր այն պնդումների, որ «փողերի լվացման» հատկանիշներով հարուցված քրեական գործը զուտ պատրվակ էր Սիվիլիթաս հիմնադրամի ևՎարդան Օսկանյանի նկատմամբ լայնածավալ ճնշումներ գործադրելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ: