26/11/2012 12:05
Բակո Սահակյանը Մարտակերտում խորհրդակցություն է անցկացրել
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 25-ին այցելել է Մարտակերտ շրջկենտրոն եւ անցկացրել աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված քաղաքի ջրամատակարարման համակարգի կապիտալ վերանորոգման հարցերին:
Արցախի նախագահի մամուլի ծառայության հաղորդմամբ, համապատասխան զեկույցով հանդես է եկել ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը:
Երկրի ղեկավարը Մարտակերտ շրջկենտրոնի ջրամատակարարման խնդիրը որակել է որպես արդի պայմաններում քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման ամենակարեւոր հարցը՝ ընդգծելով, որ աշխատանքները պետք է իրականացվեն բարձր որակով եւ հնարավորինս սեղմ ժամկետներում:
Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ նշելով, որ գործընթացը գտնվելու է իր անմիջական վերահսկողության ներքո:
Խորհրդակցությանը մասնակցում էին Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանը, պաշտոնատար այլ անձինք: