29/11/2012 18:23
«Մատաղիսի գործ». Դատախազությունը զարտուղի ճանապարհով է գնացել
«Արդեն բոլորի համար պարզ է, թե ովքեր են «Մատաղիսի գործով» իրական հանցագործները, իսկ դատապարտյալի աթոռին նստած մարդկանց դեմ ապացույց չկա, բայց դատախազությունը, չունենալով ապացույցներ, որոշել է զարտուղի ճանապարհով փրկել մեղադրանքը, և ձեռնարկել է այնպիսի միջոցեր, որոնք ոչ միայն օրենքի, այլև բարոյականության տեսանկյունից քննադատելի են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց գործով մեղադրյալ Արայիկ Զալյանի, Մուսա Սերոբյանի և Ռազմիկ Սարգսյանի պաշտպան Հայկ Ալումյանը:
Նրա խոսքով, երբ թվում էր, որ մեղադրող կողմը կհրաժարվի մեղադրանքից` ապացույցների բացակայության պատճառով, դատարանում հանկարծ մի երիտասարդ կնոջ գրություն է հայտնվել:
«Այդ գրության համաձայն` իմ պաշտպանյալը իրեն ասել է, որ նայի, դու էլ իմ զոհը չդառնաս: Մենք միջնորդեցինք, որ այդ կնոջը հրավիրեն դատարան, և նա բոլորի ներկայությամբ հայտարարեց, որ նման բան չի լսել, և երբ մեղադրողը հարցրեց, թե ինչու է նման գրություն գրել, նա ասաց, դուք եք թելադրել, ես էլ գրել եմ»,- ասաց դատապաշտպանը:
Փաստաբանի խոսքով` դրանից հետո մեղադրողները անհարկի կերպով 1 ամիս ձգձել են մեղադրական ճառի ներկայացումը, ինչը, պարզվում է, ոչ թե մեղադրանքից հրաժարվելու, այլ այդ քողի տակ այդ կնոջը իր ցուցմունքները ընդունել ստիպելու համար է եղել:
«Այդ կինը եղել է Ռազմիկ Սարգսյանի նախկին ընկերուհին: Ռ. Սարգսյանի` այլ աղջկա հետ նշանվելուց հետո նա երեք անգամ սուտ մատնություն է ներկայացրել Ռազմիկ Սարգսյանի նկատմամբ, մի անգամ, որ նա իրեն բռնաբարել է, այնինչ իրենք երեք տարի միասին ապրել են, մեկ այլ անգամ` գումար է հափշտակել իրենից: Եվ երբ դատախազությունը տեսավ, որ նման պատրաստի մարդ կա, որը խոցելի է և նրան կարելի է օգտագործել, գործի անցավ: Ես և իմ պաշտպանյալը միշտ տրամադրված էինք այնպես, որ կարծում էինք, որ եթե զինդատախազությունում դեմքերը փոխվել են, ոճն էլ փոխված կլինի, նոր ղեկավարությունը կաշկանդված չի լինի նախորդ ռեժիմի արած սխալներով, սակայն մենք այսօր սկսում ենք համոզվել, որ զինդատախազության գործելաոճը չի փոխվել»,- ասաց նա:
Ալումյանի խոսքով` դատախազությունից դժգոհ են ոչ միայն իրենք, այլև սպանված երիտասարդներից մեկի ծնողները: Մասնավորապես, Հովսեփ Մկրտումյանի հայրը` Մովսես Մկրտումյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել, նշելով, որ գործի քննությունը կատարվել է քրեական դատավարության նորմերի խախտումներով, որոնք ազդել են գործի օբյեկտիվ քննության վրա, որի արդյունքում իրական մեղավորների փոխարեն ցմահ ազատազրկման են դատապարտվել երեք անմեղ զինծառայողներ։
«Ես չեմ կարող որևէ մեկի անմեղության կանխավարկածը ոտնահարել, սակայն քրգործի մեջ առկա են երկու տարբեր մարդկանց ինքնախոստովանական ցուցմունքներ, որ իրենց ներկայությամբ է սպանությունը կատարվել, սակայն նրանք քրեկան պատասխանտվության չեն ենթարկվել»,- ասաց նա:
Նշենք, որ 2005 թ. մայիսի 18-ին Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը սպանության մեջ մեղավոր էր ճանաչել «Մատաղիսի» զորամասի երկու զինծառայողների սպանության համար մեղավոր է ճանաչել զինծառայողներ Արայիկ Զալյանին, Մուսա Սերոբյանին և Ռազմիկ Սարգսյանին և դատապարտել 15 տարվա ազատազրկման։
Զինվորական դատախազությունը բողոքարկել է դատավճիռը՝ պահանջելով ամբաստանյալների համար ցմահ ազատազրկում։ Ամբաստանյալներն ևս բողոքարկել են դատավճիռը` խնդրելով վերանայել գործը։ 2006 թ. մայիսի 30-ին ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը Ռ. Սարգսյանին, Ա. Զալյանին, և Մ. Սերոբյանին դատապարտել է ցմահ ազատազրկման։