30/11/2012 09:03
ԱՄՆ-ն սպառնացել է Իրանին
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի ԱԽ-ում քննարկման կբարձրացնի Իրանի ատոմային ծրագրի մասին հարցը, եթե Թեհրանը մինչև մարտ ամիսը չսկսի համագործակցել ԱԷՄԳ-ի հետ: Այս մասին գրում է BBC-ն:
«Եթե մինչև մարտ ամիսն Իրանը չսկսի համագործակցել ԱԷՄԳ-ի հետ, ապա ԱՄՆ-ը կպնդի, որ ղեկավարների խորհուրդը (ԱԷՄԳ) ՄԱԿ-ի ԱԽ-ին տեղեկացնի զարգացումների բացակայության մասին: Անթույլատրելի է, որ Իրանը անդադար արհամարհում է իր պարտավորությունները»,- ասել է ամերիկացի դիվանագետ Ռոբերտ Վուդը:
Նշենք, որ ԱՄՆ-ը, արևմուտքի մի շարք երկրներ և Իսրայելը կասկածում են, որ Իրանը խաղաղ ատոմային ծրագրի քողի տակ ստեղծում է ատոմային ռումբ: Իսկ Թեհրանը հայտարարում է, որ իր միջուկային ծրագիրը ուղղված է միայն երկրի Էլեկտրաէներգիայի ծախսերը հոգալուն:
Նախատեսվում է, որ ԱԷՄԳ-ի և Իրանի միջև բանակցությունների հերթական փուլը կանցկացվի դեկտեմբերի 13-ին՝ Թեհրանում: