05/12/2012 10:04
Մատաղիսի գործ. Մեղադրող կողմը փոխել է մեդադրանքը
2012 թ. դեկտեմբերի 4-ին ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է Մատաղիսի գործով դատական նիստը:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փոխանցմամբ, մեղադրող կողմը միջնորդել է վերսկսել դատական քննությունը, քանի որ որոշում են կայացրել՝ մեղադրանքները փոփոխելու մասին և ընթերցել են Արայիկ Զալյանի, Մուսա Սերոբյանի, Ռազմիկ Սարգսյանի վերաբերյալ մեղադրանքները փոփոխելու մասին որոշումները:
Որոշումների մեջ նշվել է, որ դատական քննության ընթացքում հետազոտված ապացույցները անհերքելիորեն վկայում են, որ ամբաստանյալները կատարել են ոչ թե ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 7-րդ կետերով նախատեսված, այլ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 14-րդ կետերով հանցագործություն:
Ըստ որոշումների՝ ամբաստանյալները, դիտավորությամբ տուժողներին մարմնական վնասվածքներ հասցնելով, գիտակցել են, որ կատարում են գործողություններ, որոնք մարդու առողջության համար վտանգավոր են, նախատեսել են տուժողների առողջության ծանր վնաս հասցնելու հնարավորությունը և գիտակցաբար թույլ են տվել նման վնասի առաջացումը, սակայն տուժողների մահվան վրա հասնելը չի մտել ամբաստանյալների դիտավորության մեջ, և նրանց գործողությունները անզգուշությամբ են առաջացրել Ռ.Եղիազարյանի և Հ. Մկրտումյանի մահը:
Ըստ աղբյուրի, ամբաստանյալները չեն ընդունել մեղադրանքը՝ հայտնելով, որ ըստ էության փոխվել են միայն հոդվածները:
Այնուհետև մեղադրողները ներկայացրել են պաշտոնական ճառը: Այն հիմնականում ներառում էր Ռազմիկ Սարգսյանի ինքնախոստովանական ցուցմունքը, որը ձեռք է բերվել խոշտանգումների արդյունքում: Մեղադրող կողմը միջնորդել է Ռազմիկ Սարգսյանին մեղավոր ճանաչել և դատապարտել յոթ, իսկ Մուսա Սոբյանին և Արայիկ Զալյանին ութ տարի ազատազրկման:
Տուժողի իրավահաջորդ Հովսեփ Մկրտումյանի հայրը` Մովսես Մկրտումյանը և ամբաստանյանների պաշտպան Հայկ Ալումյանը ժամանակ խնդրեցին՝ մեղադրողի ճառին ծանոթանալու և իրենց ճառերը պատրաստելու համար:
Դատարանը նիստը հետաձգել է և նշանակել 2012 թ. դեկտեմբերի 6-ին՝ ժամը 11:00-ին, որի ընթացքում պաշտոնական ճառով հանդես կգան տուժողների իրավահաջորդները: