08/12/2012 13:44
Վահագն Չախալյանի անունը համաներման ցուցակում չկա
«Վրաստանի խորհրդարանի կողմից քաղբանտարկյալ ճանաչված և ազատ արձակվածների մեջ հայազգի քաղբանտարկյալներ կան, սակայն չկա հայտնի գործիչ Վահագն Չախալյանի անունը»,- Aysor.am-ի հետ զրույցում անդրադառնալով Վրաստանի խորհրդարանի կողմից 190 մարդու քաղբանտարկյալի կարգավիճակ շնորհելու և ազատ արձակելու մասին որոշմանը՝ ասաց վրացագետ Ալիկ Էրոյանցը:
Նա նշեց, որ Վահագն Չախալյանի հանցանքը համարվել է ծանր, և ըստ վրացական կողմի՝ հենց այդ պատճառով նա չի ընդգրկվել այդ ցուցակի մեջ:
«Վահագն Չախալյանի կողմնակիցները, ովքեր պայքարում էին նրա ազատ արձակման համար միջազգային ասպարեզում բավականին մեծ գործ էին կատարել, սակայն Վրաստանի ներսում Չախալյանի PR-ը թույլ էր»,- նշեց Էրոյանցը:
Նրա խոսքով՝ Չախալյանի կողմնակիցների հետագա ակտիվ աշխատքանքը կարող է դրական ազդեցություն ունենալ վերջինիս ազատ արձակման վրա:
Վրացագետն ասաց, որ ընդհանուր առմամբ համաներում կիրառվել է 2.000-3.000 մարդու նկատմամբ, այդ թվում՝ շատ քաղբանտարկյալների:
«Սահակաշվիլիի ժամանակ կառուցում էին բանտեր, իսկ այս իշխանությունները որոշել են այսքան բանտարկյալ չպահել` դա նրանց նոր քաղաքական կուրսի մեջ է տեղավորվում, դա նաև որոշակի քաղաքական ժեստ կարելի է համարել»,- հավելեց բանախոսը: