10/12/2012 12:49
ՏՄՊՊՀ. Անբարեխիղճ երշիկ արտադրողները տուգանվեցին
Այսօր երշիկեղենի արտադրությամբ զբաղվող 21 օրինախախտ տնտեսավարողների հանդեպ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը կիրառեց օրենքով նախատեսված առավելագույն պատժաչափ:
ՏՄՊՊՀ նիստի ժամանակ նախագահ Արտակ Շաբոյանը նշեց, որ վերջին ամիսներին ուսումնասիրել և պարզել են, որ ոչ բոլորն են իրականացրել բարեխիղճ գործունեություն, այդ ընկերություններն են `Մուշ, Ա. Բիլյան, Առ Դելիկատես, Նատֆուդ, Ջրվեժի մսամթերքի կոմբինատ, Մարիլա, Էրեբունի աստղ, Հայր և որդի Գալստյաններ, Էլիտ Պրոդ, Արթուր Հակոբյան, Նեպտուն Մար, Տիրան Ղազարյան, Գայանե Ջամե, Բարի արագիլ և այլն:
Ա. Շաբոյանը նշեց, որ լաբորատոր փորձաքննություն չի իրականացվել, այլ միայն ուսումնասիրվել է փաստաթղթերը, որտեղ բացակայել է մսի գնման վերաբերյալ նյութեր, որն էլ հիմք է հանդիսացել ենթադրելու, որ երշիկեղենի արտադրության մեջ օգատգործվել է ներմուծված գոմեշի միս, ներմուծված սառեցված խողի և հավի միս, որի վերաբերյալ սպառողներին չի տրամադրվել համապատասխան տեղեկատվություն:
Բացի դրանից, Ա. Շաբոյանի փոխանցմամբ, երշիկների արտադրության մեջ օգտագործվել է օսլա, ալյուր, համային և գունանյութեր, իսկ երշիկը համարվում է դիետիկ սնունդ, իսկ մսի քանակությունը եղել է 16-17 տոկոս:
ՏՄՊՊՀ նախագահը նաև նշեց, որ այս ոլորտում կա օրենսդրական բաց, այն է` հստակ նշված չէ, թե երշիկի մեջ որքան պետք է լինի մսի քանակը, այս ուղղությամբ ՏՄՊՊՀ-ն աշխատում է և արդեն պատրաստ են համապատասխան առաջարկություններ խնդրի վերաբերյալ և կուղարկվեն գյուղնախարարություն:
ՏՄՊՊՀ-ն նշված ընկերություններին տուգանեց նախորդ տարվա հասույթի մեկ տոկոսի չափով:
Երշիկ արտադրող որոշ ընկերությունների ներկայացուցիչներ եկել էին մասնակցելու նիստին, սակայն ՏՄՊՊՀ նիստին լրագրողների մասնակցության մասին իմանալով՝ հեռացել էին: