14/12/2012 12:34
Բողոքի ակցիա` Թերլեմեզյանի դիմաց
Փ. Թերլեմեզյանի պետական քոլեջում մեկնարկել է տնօրենի ընտրության համար քննությունը: Քննությանը զուգահեռ կայացել է բողոքի ակցիա: Ակցիայի նախաձեռնող խմբի անդամ, քոլեջի շրջանավարտ Սամվել Ավետիսյանի խոսքով, այս ակցիային մասնակցել են արդեն 200 հոգի` բոլորը քոլեջի ուսանողներ և դասախոսներ, ովքեր դեմ են քոլեջի տնօրենի պաշտոնակատար Աննա Մնացականյանի ընտրվելուն:
«Երեխաները դուրս էին եկել իրենց բողոքը արտահայտելու Ա.Մնացականյանի թեկնածության ընտրության դեմ: Մենք դեմ ենք միայն նրա թեկնածությանը, որովհետև նա մասնագետ չէ, և նրա առաջադրվելը ոչ լեգիտիմ է: Եթե ընտրվի ինքը, ուսանողները` դասադուլ, իսկ դասախոսները` գործադուլ կանեն: Այժմ ակցիայի մասնակիցները ցրվել են, բայց Ա. Մնացականյանի ընտրվելու դեպքում բողոքի ակցիան կվերսկսվի»,-ասաց Ս.Ավետիսյանը:
Հիշեցնենք՝ քոլեջի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Մնացականյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ մինչև արդյունքների ամփոփումը չի ցանկանում խոսել իր շանսերի մասին:
Նրա հետ միասին այդ հաստիքի համար առաջադրվել են քոլեջի աշխատակից, նկարիչ Դավիթ Դավթյանը և Արմեն Հարությունյանը: