17/12/2012 13:37
Փաշինյան. Իրավիճակը պահանջում է Տեր-Պետրոսյանի առաջադրումը
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է տարածել Օսկանյան-Զուրաբյան հայտնի ձայնագրության կապակցությամբ.
«ԱԺ պատգամավորներ Վարդան Օսկանյանի և Լևոն Զուրաբյանի խոսակցության՝ համացանցում հայտնված ձայնագրության կապակցությամբ լրագրողների բազմաթիվ հարցումներին ի պատասխան հարկ եմ համարում հայտարարել.
ա) խստորեն դատապարտում եմ երկու պատգամավորների խոսակցության ապօրինի ձայնագրումը և տեղադրումը youtube-ում, որը խորհրդային ԿԳԲ-ի գործելակերպի արատավոր դրսևորում է, ինչը չպետք է տեղ ունենա մեր իրականության մեջ:
բ) ՀՀ իրավապահ մարմինները պարտավոր են անհապաղ քրեական գործ հարուցել ՀՀ Քրեական օրենսգրքի 146 հոդվածի հատկանիշներով՝ ձայնագրությունը իրականացրած և youtube-ում տեղադրած անձանց բացահայտելու և քրեական պատասխանատվության ենթարկելու համար
գ) մենք՝ Հայ ազգային կոնգրեսի, ընդդիմության ներկայացուցիչներս ընթացիկ ցավոտ հարցերը քննարկելիս պետք է պահպանենք զսպվածություն, տուրք չտալով էմոցիաներին՝ հանրության առաջ մեր ունեցած պարտավորությունները պատվով կատարելու համար
դ) ընթացիկ քաղաքական իրավիճակը թելադրում և պահանջում է Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրումը ՀՀ նախագահի թեկնածու, և սերժանտական կործանարար իշխանության հեռացման նպատակ ունեցող բոլոր քաղաքական ուժերի համախմբումը նրա թեկնածության շուրջ»,- ասված է Փաշինյանի հայտարարության մեջ:
Նախորդիվ հրապարակում՝ Վարդան Օսկանյան. Մեր զրույցի շուրջ որևէ սենսացիա չկա