17/12/2012 14:51
ԱԱԾ-ն հերքում է Օսկանյանի ու Զուրաբյանի գաղտնալսման հետ կապը
«Ազգային անվտանգության ծառայությունը որևէ կապ չունի ՀԱԿ ու ԲՀԿ պատգամավորներ Լևոն Զուրաբյանի ու Վարդան Օսկանյանի խոսակցության գաղտնի ձայնագրման հետ»,- Aysor.am-ի թղթակցին հայտնեց ԱԱԾ մամուլի խոսնակ Արծվին Բաղրամյանը:
Նրա խոսքով, ԱԱԾ-ն զրույցի գաղտնալսման և դրա` համացանցում տարածվելու հետ որևէ առնչություն չունի, իսկ բոլոր մեղադրանքները մտացածին են ու անհիմն:
Հիշեցնենք, որ ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանը հաղորդագրել էր տարածել, որում կատարվածը որակել էր ԱԱԾ-ի ձեռքի գործը:
«Ռեժիմի կողմից քաղաքական հակառակորդներին լրտեսելու այս ճղճիմ արարքը հակասում է Հայաստանի Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված ժողովրդավարական տարրական նորմերին ու ռեժիմին հերթական անգամ դնում է օրենքից դուրս: և թող չփորձեն խուսափել այս հանցանքի համար պատասխանատվությունից: Եթե հանցագործները անմիջապես չեն բացահայտվում, ուրեմն դա արել են հատուկ ծառայությունները: Այս օրինախախտման պատասխանատուները վաղ թե ուշ ամբողջ խստությամբ պատասխան են կրելու օրենքի առջև: Իշխանություններին պատասխանատվությունից խուսափելու հնարավորություն չտալու նկատառումով առաջարկում եմ դատախազությանը ընդունել սույն հայտարարությունը որպես հաղորդագրություն հանցագործության մասին և պահանջում եմ քրեական պատասխանատվության կանչել գաղտնալսման և դրա հիման վրա պատրաստված նյութի հրապարակման հեղինակներին։
Այս փաստը հաստատում է վաղուց արձանագրված այն իրողությունը, որ երկրի հատուկ ծառայությունները, փոխանակ զբաղվեն արտաքին վտանգներից երկրի անվտանգության ապահովման համար խիստ անհրաժեշտ հետախուզական և հակահետախուզական գործունեությամբ, հարկատուների միջոցները և սեփական ջանքերը հիմնականում ապօրինաբար ծառայեցնում են գործող իշխանությունների դիրքերի ամրապնդմանն ու ընդդիմությանը լրտեսելու, վարկաբեկելու և վնասազերծելու նպատակներին:
Ռեժիմի կողմից նման բացահայտ ստոր մեթոդներին դիմելու և ներքաղաքական լրտեսությամբ զբաղվելու իրողության հրապարակայնացումը ցույց է տալիս, որ իշխանությունները այնքան վախեցած են նախագահական ընտրություններում հնարավոր մարտահրավերներից, որ դրանք չեզոքացնելու նպատակով պատրաստ են բռնվել անգամ փրփուրներից:
ԱԱԾ-ի կողմից պատրաստած և հրապարակված նյութի բովանդակության որևէ քննարկում կամ մեկնաբանություն համարում եմ բարոյապես և քաղաքականապես անընդունելի: Ավելին, դա կլինի ուղղիղ այն, ինչ որ պետք է հատուկ ծառայություններին այս ճղճիմ սադրանքը հաջողելու համար: Ուստի, ռեժիմի հատուկ ծառայությունների կողմից վատագույն գեբիստական ավանդույթներով պատրաստված և հրապարակված այս նյութի բովանդակության որևէ քննարկում, մեկնաբանություն կամ հաստատում քաղաքական և հասարակական գործիչների կամ լրատվամիջոցների կողմից ուղղակի հավասարազոր է լինելու համագործակցության հատուկ ծառայությունների հետ այս ապօրինի գործունեության մեջ», - ասված է Զուրաբյանի հայտարարության մեջ:
Նախորդող հրապարակումներ
Զուրաբյան-Օսկանյան զրույցը` «կագեբեական գործելակերպ». Փաշինյան