19/12/2012 10:00
Սաքունց. Ջհանգիրյանը դեռ հետո պիտի լաց լինի, և ոչ միայն ինքը
Անդրադառնալով «Մատաղիսի գործով» երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած արդարացման վճիռին «Առավոտը» նշում է, որ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը պատասխանելով հարցին, թե՝ Գագիկ Ջհանգիրյանին, որպես նախին զինդատախազ, կհրավիրե՞ն հարցաքննության, ասել է. «Արդեն Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի որոշումը մտավ ուժի մեջ, և դատարանի մյուս որոշումը այն է` գործը ուղարկել զինդատախազություն լրացուցիչ քննության, դա նշանակում է, որ այդ քննության շրջանակներում, այդ թվում քննիչները, դատախազները, որոնք հաստատել են մեղադրանքները, բոլորը պետք է հրավիրվեն վկայություն տալու,բացատրություն տալու»:
Թերթի այն դիտարկմանը, թե Ջհանգիրյանը բացարձակ իր մեղքը չի տեսնում, հետևաբար և այս ամենի համար վատ չի զգում, Արթուր Սաքունցը պատասխանել է. «Ջհանգիրյանը շատ վատ է զգում, երբ որ ինքը իր վերջին հարցազրույցում ասել էր` գել է, թե աղվես (ի նկատի ուներ հրամանատար Իվան Գրիգորյանին, որի մականունը Գել է) թող գտնեն, դա արդեն նահանջ էր: Վատ զգալը՝ հո լաց չի՞ լինելու հրապարակային, բայց ժամանակին լաց կլինի, և ոչ միայն ինքը»: