19/12/2012 14:15
Լարիսա Ալավերդյան. Մատաղիսի գործով անցնող տղաները մեղավոր չեն
«2004թ.-ին ես անձամբ եմ զբաղվել Մատաղիսի գործով և ես համոզված եմ, որ այդ տղաները մեղավոր չեն»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Մատաղիսի գործով կայացված արդարացման որոշմանը և ներքաղաքական զարգացումներին` ասաց Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:
Նա նշեց, որ Մատաղիսի գործը տեղի է ունեցել Գագիկ Ջհանգիրյանի ժամանակ և զարմանալի չէ, որ վերջինս այդպիսի հայտարարություն է արել, թե այդ տղաները մեղավոր են:
«Ես չորս հոգանոց խմբով գնացել եմ Մատաղիս և զբաղվել եմ այդ գործով, այնուհետև այդ գործով զվաղվել է նաև Զարուհի Փոստանջյանը»,-ասաց Լ. Ալավերդյանը:
Ալավերդյանը, պատասխանելով Օսկանյանի և Զուրաբյանի գաղտնալսման մասին հարցին, նշեց, որ այս միջադեպը բարձրացրել է ՀԱԿ-ի և Լևոն Զուրաբյանի իմիջը, սակայն ինքը դեմ է, որ քաղաքական գործիչների մասնավոր խոսակցությունները հանրայնացվեն:
Բանախոսը անդրադառնալով նախագահական ընտրություններին ասաց, թե ՀՀ-ի բոլոր ընտրությունները, սկսած 1996թ.-ից, չեն եղել քաղաքական ընտրություններ և այս իրավիճակը պետք է հետագայում փոխվի. «Այս իրավիճակը տանում է դեպի կործանման»:
ՀՀԿ անդամ Մկրտիչ Մինասյանը, անդրադառնալով Վարդան Օսկանյանի և Լևոն Զուրաբյանի խոսակցության գաղտնալսմանը, ասաց, որ այդ հանդիպման մասին տեղյակ էին այդ քաղաքական գործիչների շրջապատը և պարզ չէ, թե ով է իրականացրել այդ գաղտնալսումը:
Մինասյանը անդրադառնալով նախագահական ընտրություններին` ասաց, որ ՀՀ նախագահը խնդիր է դրել, որ ընտրությունները լինեն թափանցիկ, ազատ և անխնդրահարույց և ամենակարևորը ժողովրդի կամքն է: