20/12/2012 12:36
«Կոռուպցիայի դեմ պայքար նշանակում է իշխանության կորուստ»
Կոռուպցիան Հայաստանում համկարգային խնդիր է, հետևաբար դրա դեմ պետք է համակարգային պայքար տանել: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Նա հատկապես կարևորեց պատժելիության մեխանիզմը:
Նույն կուսակցությունից Ստյոպա Սաֆարյանն էլ միջամտեց, թե կոռուպցիան ոչ միայն համակարգային խնդիր է, այլ` հենց համակարգ է:
«Հավատացնում եմ ձեզ, որ համակարգի վերևում կանգնածները շատ լավ տեղեկացված են ստեղծված իրավճակի մասին, թե ինչ գումարներ են շրջանառվում և ուր է գնում դրա օգուտը»,- ասաց Ս. Սաֆարյանը:
Շարունակելով խոսքը` նախկին պատգամավորն ասաց, որ այդ համակարգում չկա մի օղակ, որը կարող է թույլ չտալ, որ կոռուպցիան ներծծվի մյուս օղակներ: Ամփոփելով խոսքը` Ս. Սաֆարյանն ասաց, որ կոռուպցիայի դեմ պայքար` նշանկում է իշխանության կորուստ:
Քննարկմանը մասնակից «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Վարուժան Հոկտանյանն էլ իր հերթին ասաց, թե Հայաստանի իշխանությունների գործողությունները բավարար չեն, ավելին՝ շատ քիչ են կոռուպցիան հաղթահարելու համար:
Նրա խոսքերով` Հայաստանում կոռուպցիայի ընկալման համաթիվը աշխարհի 176 երկրների շարքում 100-0 սանդղակում 34-ն է և դա ցածր թիվ է: «Միջազգային չափանիշներով դա իսկապես վատ նկարագիր է, բայց հետխորհրդային երկրների շարքում Վրաստանից և Մոլդովայից հետո մեր երկիրը երրորդն է, այսինքն մյուսներն ավելի վատ վիճակում են»,- ասաց Վ. Հոկտանյանը:
Առավել կոռումպացված ոլորտներից են, Վ. Հոկտանյանի խոսքերով, կրթությունը, դատարանները և ոստիկանությունը: