20/12/2012 13:25
Երշիկի գործ. Թացը չորի հետ են խառնել
Դեկտեմբերի 10-ին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակել էր երշիկեղենի շուկայում մի քանի ամիս տևած ուսումնասիրության արդյունքները, և 21 ընկերություն տուգանվել էր տարեկան հասույթի մեկ տոկոսի չափով:
ՏՄՊՊՀ հաղորդագրության մեջ նշվում է, որ երշիկի արտադրության մեջ օգտագործվել է մեծաքանակ սոյա, օսլա, սպիտակաձավար, ալյուր, նիտրիտ, ֆոսֆատ և այլն. այդ մասին սպառողները տեղյակ չեն եղել:
Ուսումնասիրված գրեթե բոլոր դեպքերում վաճառքի հանված երշիկեղենի վրա նշվում է, որ պատրաստման ընթացքում օգտագործվել է տավարի և խոզի բարձրորակ միս: Մինչդեռ, ՏՄՊՊՀ-ն բացահայտել էր, որ արտադրական պրոցեսում քաշի ավելացման, ախորժելի գույնի, կպչունություն ապահովելու և այլ նկատառումներով օգտագործվում են մեծաքանակ հավելանյութեր, ինչի մասին սպառողը տեղյակ չէ:
Երշիկների որոշ տեսակների մեջ մսի մասնաբաժինը կազմել է ընդամենը 16 տոկոս, իսկ տավարի կամ խոզի մսին, հիմնականում, փոխարինում է գոմեշի ներկրված մսով:
«Մուշ» մսամթերքի կոմբինատի երշիկի արտադրության պետ, տեխնոլոգ Ռաֆիկ Բաղդասարյանը Aysor.am-ի հետ զրույցում նշեց, որ «Մուշի» նկատմամբ ՏՄՊՊՀ-ն ունեցել է միայն մակնշման խնդիր` նիտրիտ բառի բացակայությունը պիտակի վրա: «Պիտակի վրա եղել էր վրիպակ, որը մենք ուղղել ենք` վերապիտակավորել ենք, ավելացրել ենք նիտրիտ բառը և դրանից հետո միայն երշիկեղենը մուտք է գործել շուկա, առանց վերապիտակավորման երշիկեղենը շուկա չի մտել»:
«Մուշն» ունի 70-ից ավելի տեսականի, պիտակավորման վրիպակը եղել է միայն երկու տեսակի երշիկի վրա:
Նշենք, որ ՏՄՊՊՀ-ն 21 ընկերություններին տուգանել է միայն փաստաթղթերի հիման վրա. Այսինքն՝ տուգանքի համար հիմք են ծառայել միայն արտադրողներից պահանջված որոշակի փաստաթղթեր, որոնց հիման վրա էլ հանձնաժողովը եզրակացություններ է արել: Լաբորատոր ստուգումների համար տվյալներն ուղարկվել են համապատասխան մարմնին` Սննդի անվտանգության պետական ծառայությանը, որն էլ պատասխանատու է լաբորատոր փորձաքննության իրականացման համար. Տվյալները դեռևս ՍԱՊԾ չեն հասել:
«Մուշ» մսամթերքի տեխնոլոգը ցույց տվեց այն փաստաթղթերը, ըստ որոնց դեկտեմբերի 12-ին ՍԱՊԾ հերթական ստուգումն է իրականացրել մսամթերքի անվտանգության գծով և ոչ մի խախտում չի հայտանբերել, տրվել է համապատասխան փաստաթուղթ:
«Մենք երշիկի մեջ 60 տոկոսից ավելի միս ենք օգտագործում, իսկ ՏՄՊՊՀ-ի հաղորդագրության մեջ նշվում էր 21 կազմակերպություն և չէր մատնանշվում, թե յուրաքանչյուրն ինչ խախտում է արել և ինչում է մեղադրվում: Մեղադրանքն այնպիսին է, որ բոլորը գրեթե նույն խախտումներ են արել, որն այդպես չէ, մենք տեխնոլոգիական որևէ խախտում չունենք, մերը տեխնիկական է, և այն էլ խախտում չէ, մենք մեր ձեռքով պիտակը փոխել ենք, չէինք կարող պատվիրված պիտակի ողջ խմբաքանակը վրիպակի համար թափել, բայց կարող ենք վերապիտակավորել, որը կարծում եմ խախտում չէ»:
Ներկրված մսամթերքի հետ կապված՝ Ռ. Բաղդասարյանը պարզաբանեց, որ Հայաստանում մասնագիտացված սպանդանոցներ չկան, հայաստանյան միս գնելու դեպքում` անհայտ է մնում մսի որակը, քանի որ մեծ քանակությամբ մսամթերքը ստիպված կլինեն գնել անհատներից, իսկ արտերկրից ներկրված միսը ստուգվում է թե' ՀՀ սահմանին, թե' արտադրողի լաբորատորիայում, որից հետո օգտագործվում արտադրության մեջ:
Երշիկեղենի շուկայում վերջին զարգացումները արտադրողներին դրել են անելանելի իրավիճակի մեջ. «Մուշի» իրացման ծավալներն, օրինակ, անկում են ապրել, ընկերությունը, որն ունի շուրջ 250 աշխատող, այժմ մտածում է կրճատման մասին. «Անգամ տնտեսական ճգնաժամի տարիներին կրճատումներ չենք արել, բայց հիմա ստիպված ենք»:
Տեխնոլոգը նաև զարմանում է՝ առանց լաբորատոր ստուգումների ինչպե՞ս կարելի է ցեխ շպրտել մեծ արտադրություն ունեցող, խոշոր հարկատու հանդիսացող ընկերության վրա. «Հեռուստացույցից լսում ենք, որ 16 տոկոս միս են օգտագործել երշիկի մեջ, և շրջանառվում է առաջին տողով մեր անունը. թող կոնկրետ ասեին, թե որ կազմկերպությունը ինչ խախտում է արել և ինչի մեջ է մեղադրվում, այդպես հաղորդեին, ոչ թե մոլորեցնեին սպառողներին»:
Ի դեպ, սննդի անվտանգության պետական ծառայության պետի մամլո պատասխանատու Բաբկեն Պիպոյանը Aysor.am-ի հետ զրույցում նշեց, որ եթե տնետսվարողը պիտակի վրա վրիպակ է ունեցել և բարեխղճորեն վերապիտակավորել է արտադրանքը, ապա դա կարելի է չդիտարկել որպես խախտում: