21/12/2012 10:26
Եթե հանցագործությունը ծեծով է բացահայտվելու, թող չբացահայտվի
Օրերս կայացավ 2013 թ. փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ նախագահական ընտրությունների ընթացքում պատշաճ հասարակական կարգ ու կանոն հաստատելու, ընտրությունների անցկացման բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծված օպերատիվ շտաբի անդրանիկ նիստը, որը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:
Անդրադառնալով ընտրությունների ընթացքում ոստիկանության գործունեությունը համակարգող օպերատիվ շտաբի աշխատանքին՝ Վլադիմիր Գասպարյանը հիշեցրեց. որ նախագահական ընտրություններն ունեն իրենց առանձնահատկությունները, և օպերատիվ շտաբն աշխատանքները կազմակերպելիս պետք է նկատի ունենա այդ իրողությունները՝ առաջնահերթություն ունենալով օրենքի պահանջն ու քաղաքացու շահերը պաշտպանելու իր առաքելությունը:
Ոստիկանապետը կրկին անդրադարձավ մի քանի խնդիրների, որոնք բացասական ազդեցություն են ունենում հանցավորության դեմ պայքարի ու հասարակական կարգի պահպանման գործառույթների իրականացման վրա:
«Մսագործությունը, ծեծ ու ջարդը համակարգում պետք է արգելվի: Ուժով ցուցմունք կորզելը չարդարացնող ու մարդկային ոչինչ չպարունակող երևույթ է: Երբ ուժ ես կիրառում հանցագործություն բացահայտելու համար՝ անխելք ես»,-ասաց Վլադիմիր Գասպարյանը հավելելով, որ եթե հանցագործությունը ծեծով է բացահայտվելու թող չբացահայտվի: