27/12/2012 14:06
Ոստիկանության օպերատիվ շտաբը քննարկել է նախագահական ընտրությունների հարցը
ՀՀ ոստիկանությունում տեղի է ունեցել նախագահական ընտրությունների անցկացման բնականոն ընթացքն ապահովելու և պատշաճ հասարակական կարգ ու կանոն հաստատելու նպատակով ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծված օպերատիվ շտաբի հերթական աշխատանքային խորհրդակցությունը:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ հերթական աշխատանքային խորհրդակցությունը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ, օպերատիվ շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը:
Անդրադառնալով բնակչության ռեգիստրում անճշտությունների վերացման, ընտրացուցակներում թյուրիմացությունները բացառելու խնդրին` Հունան Պողոսյանը կարևորվել է ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ծառայությունների աշխատանքն ու մեծ պատասխանատվությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման գործում ոստիկանական վերակարգերի ծառայության խնդիրները:
Ընդգծվել է նախընտրական շրջանում և ընտրությունների ընթացքում հասարակական կազմակերպությունների, առաջադրված թեկնածուների, նրանց նախընտրական շտաբների և զանգվածային լրատվության միջոցների հետ համագործակցության անհրաժեշտությունը:
Աշխատանքային հանդիպման ընթացքում, աղբյուրի փոխանցմամբ, Հունան Պողոսյանն անդրադարձել է օրակարգային մի շարք այլ հարցերի ևս, տրվել են կոնկրետ հանձնարարականներ: