05/01/2013 17:08
Երշիկեղենի շուկայում խախտումները զանգվածային բնույթ ունեն
Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն առևտրային ցանցերում կատարած ուսումնասիրությամբ հայտնաբերել է ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ արտադրված և իրացվող տարբեր ընկերությունների արտադրած երշիկներ և այլ մսամթերքներ: Այս մասին տեղեկանում ենք «Փաստինֆո» գործակալության կայքից:
Մասնավորապես` երկու տասնյակից ավելի խանութներում հայտնաբերվել է «Моя Семья» ապրանքանիշով որսորդական երշիկ, բաստուրմա և սուջուխ, որոնցից առաջինն եղել է առանց արտադրության ամսաթվի, իսկ մյուսները` առանց հայերեն մակնշման: 15 խանութում հայտնաբերվել է «Բաբիկ» մսամթերքի կոմբինատի կրակովյան երշիկ` առանց հայերեն մակնշման, 18-ում` «Ջրվեժի մսամթերքի կոմբինատ» ՍՊԸ-ի բաստուրմա և սուջուխ, որոնք մակնշում չեն ունեցել, 24-ում` «Բարի սամարացի» ընկերության որսորդական և կրակովյան երշիկներ, սարդելկա և նրբերշիկ` առանց արտադրության, պահպանման ժամկետների և մակնշման պարտադիր պահանջ համարվող այլ տվյալների (առկա է եղել միայն արտադրողի անվանումը):
Հայտնաբերված խախտումները, սակայն, չեն սահմանափակվել վերոնշյալով. 18 խանութում հայտնաբերվել են Biella ապրանքանիշով հայտնի «NatFood» ընկերության որսորդական խոզաճարպ` առանց արտադրության ամսաթվի, և ապխտած ֆիլե` առանց որևէ մակնշման: Տասը խանութում հայտնաբերվել են «Բեկոն պրոդուկտ» ընկերության բարբիքյու, բաստուրմա, կոտլետներ` առանց արտադրության ամսաթվի, ինչպես նաև մսի աղացվածք (ֆարշ), որսորդական և կրակովյան երշիկներ` առանց որևէ մակնշման:
Տասներկու խանութում հայտնաբերվել են «Բեկոն պրոդուկտ» ՍՊԸ-ի սուջուխ, աղացած միս` առանց արտադրության ամսաթվի, 12-ում` «Սոս»-ի կրակովյան կիսաապխտած երշիկ, 9-ում` «Էլիտ պրոդ» ընկերության երշիկեղեն, 166-ում` «Գանձակ»-ի երշիկներ, աղացած միս` բոլորն էլ դարձյալ առանց արտադրության ամսաթվի:
Վեց խանութում հայտնաբերվել են «Կիրեղյան եղբայրներ» ԲԲԸ-ի երշիկներ` առանց հայերեն մակնշման, ռուսերեն կիսատ մակնշմամբ, 17-ում` «Լումա»-ի երշիկներ` առանց արտադրության օրվա նշման, 18-ում` «Мечта»-ի բաստուրմա, սուջուխ, պելմենի` առանց հայերեն մակնշման: Ինչպես ակնհայտ է, երշիկեղենի և մսամթերքի շուկաներում սպառողների իրավունքների և օրինական շահերի խախտումները զանգվածային բնույթ ունեն:
Ամիսներ առաջ կատարած ուսումնասիրությունների արդյունքում Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը օրինախախտ ընկերություններից և օրենսդրության պահանջների խախտմամբ նրանց արտադրանքն իրացնողներից որևէ մեկին վերոնշյալի համար չի տուգանել: Ահա թե մեր երկրում սպառողն իրականում որքանով է պաշտպանված: Համենայն դեպս, պաշտոնական փաստաթղթերում ձևակերպված տուգանք չկա, իսկ հիշյալ ծառայության առանձին աշխատակիցներին առնչվող քրեական բնույթի հայտնի բացահայտումներից հետո չունենք որևէ վստահություն, որ նրանք կամ նրանց գործընկերները որոշ արտադրողներից և իրացնողներից կաշառքներ վերցնելով, հարցերը չեն փակել:
Նկատի ունենալով, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն իր դերում չէ, սպառողներին մնում է երշիկեղեն, այլ մսամթերքներ և, ընդհանրապես, սննդամթերք գնելիս առավել ուշադիր լինել ու ճիշտ ընտրություն կատարել, քանի որ երշիկեղեն արտադրող մի շարք ընկերությունների կողմից խախտումներն այժմ էլ շարունակվում են: