07/01/2013 17:41
«Ազգային միաբանություն», ՔԴՄ-ն և ՍԻՄ-ը կսատարեն Սերժ Սարգսյանին
Արտաշես Գեղամյանի ղեկավարած «Ազգային միաբանություն» կուսակցությունը, Խոսրով Հարությունյանի Քրիստոնեա-դեմոկրատական միությունը (ՔԴՄ) և Հայկ Բաբուխանյանի գլխավորած «Սահմանադրական իրավունք» միությունը (ՍԻՄ) առաջիկա նախագահական ընտրություններում սատարելու են գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
Այս որոշումները, ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը, քաղաքական երեք ուժերի ղեկավարները, ովքեր անցած գարնանը իշխող Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակով ստացել են պատգամավորական մանդատներ, միանձնյա չեն կայացրել:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Արտաշես Գեղամյանն ասել է, որ Սերժ Սարգսյանին սատարելու մասին ինքը հայտարարել է դեռ անցած տարվա փետրվարին` իր նախավերջին գրքի շնորհանդեսում, իսկ վերջին` «Եվրասիական միությունը անկախ Հայաստանի ապագայի ուղին է» գրքի շնորհանդեսի ժամանակ վերահաստատել է այդ մտադրությունը:
Գեղամյանը հավելել է, թե դա նաև «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահության տեսակետն է:
ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհուրդը գործող նախագահի թեկնածությունը սատարելու որոշումն ընդունել է անցած տարեվերջին` հաշվի առնելով, Հայկ Բաբուխանյանի ձևակերպմամբ` «կուսակցության անդամների և համակիրների հոծ բանակի ցանկությունը»:
ՔԴՄ-ն պաշտոնապես իր տեսակետը դեռ չի հրապարակել, բայց, ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը` «կուսակցությունն իր դիրքորոշումը, անկասկած, կարտահայտի»:
«Թեպետ, կարծեք թե, հայտնի է դիրքորոշումը: Եվ ակնհայտ է, որ մեր քաղաքական խորհրդի որոշումը կլինի, որ առաջիկա ընտրություններում մենք անվերապահ կպաշտպանենք նախագահ Սարգսյանի թեկնածությունը», - հավելել է նա: