14/01/2013 12:38
Գ.Այվազյան. ԱԺ-ին առաջարկելու ենք ճանաչել ադրբեջանահայերի ցեղասպանությունը
«Հայերի անվտանգության միակ վայրը Հայաստանն է, իրենց հայրենիքը: Բաքվի հայերի ջարդերի հիմնական դասն այն է, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Բաքվի 1990թ.-ի հունվարյան ջարդերի թեմային` ասաց Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը:
Նա նշեց, որ ադրբեջանցիները կարող են միայն 400 հոգով հարձակվել անզեն մարդկանց վրա, կոտորել տարեց մարդկանց:
«Ավելի քան 20 տարի շարունակ Ադրբեջանը փորձեց ներկայացնել հակամարտությունն իրեն ձեռնտու լույսի ներքո և փորձեց թույլ չտալ ճշմարտության տարածումը Բաքվի ջարդերի վերաբերյալ»,-ասում է բանախոսը:
Գրիգորի Այվազյանն ասաց, որ հայ անմեղ զոհերի արյունը չպետք է չորանա դահիճների ձեռքերի վրա: Դա թույլ չտալու համար պետք է ակտիվորեն աշխատել ԶԼՄ-ների, միջազգային կազմակերպությունների և շահագրգիռ կողմերի հետ՝ ներկայացնելով ճշմարտությունը Բաքվի ջարդերի մասին:
«Մենք առաջարկելու ենք ՀՀ Ազգային Ժողովին օրինագիծ ընդունել, որտեղ կդատապարտվի ադրբեջանահայերի ցեղասպանությունը»,-նշեց Այվազյանը, հավելելով, որ պետք է նաև Հայաստանի ներսում աշխատանք տարվի, որպեսզի հասարակությունն իմանա այն իրողությունները, որոնք տեղի են ունեցել Ադրբեջանում հայերի նկատմամբ: