14/01/2013 10:33
Հ. Պողոսյան. Երևանում գտնվող մզկիթի ընդգրկումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում կարևոր է
«Հայաստանն առաջիկայում կանի հնարավոր ամեն քայլ, որպեսզի Երևանում գտնվող իրանական կապույտ մզկիթն ընդգրկվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցուցակում»,-այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Նախարարի խոսքով՝ գործընթացի իրականացումը կարևոր է, քանի որ 2012 թ. աշնանն Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած իր աշխատանքային այցը հնարավորություն է տվել իրեն տեղում շատ մոտիկից ծանոթանալ հայկական պատմամշակութային ժառանգության պահպանության խնդիրներին:
«Իրանն այն եզակի երկրներից է, որտեղ հայկական եկեղեցիների, դպրոցների և կրթամշակութային օջախների նկատմամբ մեծ հոգածություն է ցուցաբերվում: Նրանք մեր հուշարձանները չափազանց լավ են պահպանում»,- ընդգծեց նախարարը:
Իրանի հյուսիսում գտնվող սբ Թադևոսի վանքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում ընդգրկվել է «Իրանի հայկական եկեղեցական համալիրներ» ընդհանուր անվանակարգում: Իսկ դա, Պողոսյանի խոսքով, նշանակում է, որ յուրաքանչյուր տարի ցանկերը կարող են հայկական եկեղեցիներով համալրվել:
«Իրանում գտնվող մեր բոլոր հուշարձանները, եկեղեցական համալիրները պարբերաբար կմտնեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկեր»,- ասաց նախարարը` շեշտելով, որ դա մեծ քայլ է և հայկական կողմն էլ պարտավոր է իրականացնել նույնը:
Կապույտ մզկիթը Երևանի մուսուլմանական միակ աղոթատունն է: Այն կառուցվել է 1766 թվականին` Հուսեյն խանի նախաձեռնությամբ: Մզկիթ այցելում են մեր երկրում բնակվող մուսուլմանները: Կապույտ մզկիթը Կովկասում ամենամեծն է:
Այն պահպանվել է Չարենցի շնորհիվ, ով առաջարկել է կառույցը վերածել թանգարանի: Երկու մզկիթ է վեր խոյանում` մեկը կապույտ գմբեթով (այդ պատճառով էլ կոչվում է Կապույտ մզկիթ), մյուսը, որն ավելի փոքր է, կրում է պարսիկների կրոնական առաջնորդ Հուսեյնի անունը: Երկու մզկիթները միանում են 28 սենյակների շղթայով: Այս մզկիթը Հայաստանի տեսարժան ու պատմական վայրերից է: Որպես երկու ազգերի հանդուրժողական ու ակնածալի վերաբերմունքի ապացույց` մզկիթի ցուցասրահում հայկական եկեղեցին և պարսկական մզկիթը կողք կողքի են տեղադրված: