14/01/2013 11:29
Ադրբեջանում քաղաքացիական հասարակության առկայության իմիտացիա է արվում
«Ադրբեջանում մի քանի օր առաջ բանակում սպանված նորակոչիկի դեպքը բերեց բողոքի ցույցերի, սակայն տեղեկություններ կան, որ այդ ցույցերը կազմակերպվում և ուղղորդվում են ադրբեջանական իշխանությունների կողմից՝ վերահսկելու համար մարդկանց դժգոհությունը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Ադրբեջանում տեղի ունեցող բողոքի ցույցերին` ասաց ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը:
Նա նշեց, որ Ադրբեջանում դժգոհության իմիտացիա է ստեղծվում՝ քաղաքացիական հասարակության գոյության մասին տպավորություն ստեղծելու համար:
Անդրադառնալով Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի` Ադրբեջան կատարած այցին` ադրբեջանագետը նշեց, որ ադրբեջանական իշխանությունների կողմից Վրաստանի վարչապետի նկատմամբ չկար այն ջերմ ընդունելությունը, որին արժանանում էր Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին՝ Բաքու այցելության ժամանակ:
Ադրբեջանագետի խոսքերով, Վրաստանի նոր իշխանությունները փորձում են հավասարակշռված քաղաքականություն վարել տարածաշրջանում, և Թբիլիսին փորձում է գնալ Հայաստանի հետ մերձեցման:
Իր հերթին, վրացագետ Ալիկ Էրոյանցն ասաց, որ Բիձինա Իվանիշվիլին դեռևս նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարում էր, որ փորձելու է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ և ստեղծեց Վրաստանի վարչապետի` Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման հարցերով հատուկ ներկայացուցչի նոր պաշտոնը, որը ստանձնեց Զուրաբ Աբաշիձեն:
Վրացագետը, անցում կատարելով Բիձինա Իվանիշվիլիի` Հայաստան կատարելիք այցին, նշեց, որ Վրաստանի վարչապետի համար Երևան այցը ճանաչողական բնույթ է կրում և կօգնի նրան ծանոթանալ հայ-վրացական հարաբերությունների ողջ պատկերին:
«Այցի ընթացքում կքննարկվեն երկկողմ հետաքրքրություններ ներկայացնող հարցեր, բացի այդ Հայաստան կատարելիք այցը և Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման փորձերը մեսիջներ են` ուղղված ադրբեջանական իշխանություններին»,-ասաց բանախոսը: