14/01/2013 15:56
Վարդան Օսկանյանի որդին մարդ չի ծեծել
ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանի որդին` Արման-Մինաս Օսկանյանը Երևանում ծեծկռտուքի չի մասնակցել, նա դեպքի ականատես է եղել: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ոստիկանության լրատվական բաժնից հայտնեցին, որ հունվարի 4-ին ոստիկանության Արաբկիրի բաժին «Նաիրի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Երևանում գտնվող «Էդեմ» ակումբի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, որի հետևանքով 37-ամյա Պատրիկ Զոլյանը քթոսկրի կոտրվածք ախտորոշմամբ դիմել է «Նաիրի» ԲԿ: Պարզվել է, որ հունվարի 4-ին Թումանյան-Իսահակյան խաչմերուկում ժամը 02:00-ին 31-ամյա Էդգար Մ-ն վիճաբանել է Պատրիկ Զոլյանի հետ: Նրանք ձեռքերով փոխադարձ հարվածներ են հասցրել, և նրանց երկուսին էլ տրվել է դատաբժշկի ուղեգիր: Ոստիկանության Արաբկիրի բաժնում կատարվում է հետաքննություն:
Վ. Օսկանյանի որդին վիճաբանության մասնակից չի եղել, նա եղել է դեպքի ականատես, որպես վկա կանչվել է ոստիկանության բաժին և բացատրություն է տվել: